Սահակաշվիլին կարող է զրկվել նաև Ուկրաինայի քաղաքացիությունից

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանձնարարել է, որ զբաղվեն դատարանի միջոցով իրեն Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու հարցով` հայտնում է «Ռիա Նովոստին»։ Սահակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Պորոշենկոն այս հարցով հանձնարարել է զբաղվել Ուկրաինայի գերագույն Ռադայի պատգամավորներ Իգոր Կոնոնոնկոյին և Ալեքսանդր Գրանովսկիին, ովքեր՝ ըստ ուկրաինական ԶԼՄ-ների, Պորոշենկոյի մտերիմներն են. «Միջազգային իրավունքը և ուկրաինական օրենսդրությունն արգելում են Ուկրաինայի քաղաքացուն զրկել քաղաքացիությունից, եթե նա այլ քաղաքացիություն չունի: Այս որոշումն իրավունքի հետ ոչ մի կապ չի ունենալու և միայն կամրապնդի իմ և արդեն բազմահազարանոց իմ թիմի վճռականությունը` մինչեւ վերջնական հաղթականի հասնելը»,-գրում է Սահակաշվիլին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Սահակաշվիլին հայտարարեց Օդեսայի նահանգապետի պաշտոնից հրաժարվելու մասին` նշելով, թե այս որոշումը հիմվում է Ուկրաինայի իշխանությունների կոռուպցիայի դեմ պայքարել չցանկանալու իրողությամբ: Նա նաև նախագահ Պորոշենկոյին մեղադրեց հանցագործ կլանի հովանավորչության մեջ: Ավելի ուշ, Պորոշենկոն Սահակաշվիլիի ազատման հրաման ստորագրեց: Նախկին նահանգապետը ի պատասխան հայտնեց, որ մտադիր է հասնել Ռադայի արտահերթ ընտրությունների՝ Ուկրաինայում իր քաղաքական ուժը հիմնելով:

Սահակաշվիլին Օդեսայի նահանգապետի աթոռը զբաղեցնում էր 2015-ի մայիսի 30-ից: Նրա նշանակման նախաձեռնությունը Պորոշենկոյինն էր, ինչի համար էլ` Վրաստանի նախկին նախագահին Ուկրաինայի քաղաքացիություն շնորհվեց: 2015-ի դեկտեմբերին Սահակաշվիին զրկեցին Վրաստանի քաղաքացիությունից, քանի որ՝ ըստ Վրաստանի օրենքի, այլ երկրի անձնագիր ստանալու դեպքում քաղաքացին ավտոմատ կերպով զրկվում է Վրաստանի քաղաքացիությունից:

Թողնել պատասխան