Սամցխե-Ջավախեթին զբոսաշրջության հսկայական ներուժ ունի. Կվիրիկաշվիլի

«Սամցխե-Ջավախեթին զբոսաշրջության հսկայական ներուժ ունի։ Մեր պարտքն է այն լավագույնս օգտագործել»,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Նրա խոսքով, 2015-2017 թթ․ միայն Սամցխե-Ջավախքում 15 նոր հյուրանոց է կառուցվել, այդ թվում ինչպես միջազգային բրենդային, այնպես էլ ընտանեկան տիպի: Դիմելով տեղացիներին՝ Կվիրիկաշվիլին խոսել է տարածաշրջանում առկա և իրականացվելիք ենթակառուցվածքային ծրագրերի մասին:

«30-ամյա դադարից հետո բացվել է Միտարբի լեռնադահուկային հանգստավայրը, որը պետության կողմից բարձ աջակցություն է ստանում: Ասֆալտապատվել է Սաֆարի վանք տանող ճանապարհը, հիմա աշխատում ենք այդ ճանապարհի ենթակառուցվածքների զարգացման շուրջ: Կարևորում ենք նաև Վարձիայի փրկության 4-ամյա ծրագիրը, որի արդյունքում այս յուրօրինակ, համաշխարհային մշակութային ժառանգության կարևորագույն հուշարձանը կներկայացվի նորովի»,-ասել է վարչապետը։

Կառավարության ղեկավարը նշել է, որ շրջանում ևս մի նոր ծրագրի մեկնարկն է տրվում․  Սկսվում է Աբասթումանիի աստղադիտարանի վերանորոգումը:

Խոսելով տարածաշրջանն ու Լեռնային Աջարիան իրար կապող ճանապարհի (Խուլո-Զարզամի) վերանորոգման մասին, Կվիրիկաշվիլին ասել է․ «Հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունը մոտ ապագայում կսկսվի ճանապարհի կառուցումը: Զբոսաշրջության տեսանկյունից այս ճանապարհը կարևորագույններից է: Փաստացիորեն նոր կապեր են հաստատվում հանգստավայրերի միջև, ինչը զգալիորեն ավելացնելու է շրջանի բնակչության եկամուտը»:

Սամցխե-Ջավախքում իրականացվող բոլոր ծրագրերը նպատակ ունեն զարգացնել շրջանը՝ ապահովելով յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը։ Կվիրիկաշվիլին վստահեցրել է, որ շրջանը պետության ուշադրության ներքո է լինելու մշտապես։

«Ամեն ինչ անելու ենք, որ ձեր կյանքը բարելավվի: «Վրացական երազանք»-ը պատրաստ է շարունակել ու ավարտին հասցնել  հեղինակած բոլոր ծրագրերը: Ինչպես տեսնում եք, այս շրջանում էլ ավելի շատ նախագծեր ունենք։ Հավատում եմ՝ ձեր աջակցությամբ այս գործերն ավարտին կհասցնենք: Դրա համար մենք պետք է կանգնենք կողք կողքի, համախմբվենք ու աջակցենք մեր երկրի պայծառ ապագային, մեր ընտանիքների բարեկեցությանը»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին:

Թողնել պատասխան