Աբխազիայում մեր դեսպանատան չափսերը ռուս-աբխազական հարաբերությունների ցուցիչ․ Լավրով

Ռուսաստանն իր աջակցությունն է հայտնում «Աբխազիայի ուղղությանը»։ Նման հայտարարություն է արել  աշխատանքային այցով Աբխազիայում գտնվող ՌԴ-ի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ 

«Մենք հետաքրքրված ենք ձեր ընտրած ուղղության աջակցությամբ, որը վերաբերում է Աբխազիայի քաղաքացիների հավասար իրավունքներին»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հետ հանդիպմանը։

Ռուսաստանի Արտաքին գերատեսչության ղեկավարը, որ Սուխումիում մասնակցել է նաև Աբխազիայում Ռուսաստանի դեսպանատան բացման հանդիսավոր արարողությանը, նշել է․ «Սուխումիի կենտրոնում բացված Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցների համար բոլոր պայմանները ստեղծված են։ Աբխազիայում մեր դեսպանատան չափսերը ռուս-աբխազական հարաբերությունների ցուցիչն են: Սա ևս մեկ անգամ ընդգծում է մեր դաշնակիցներ լինելու հանգամանքը»:

Լավրովը կարևորել է երկու երկրների միջև կնքված համաձայնագրերի իրականացումը՝ նշելով․ «Միջպետական հանձնաժողովները այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք են տանում: Անցյալ տարի ՌԴ-ի ու Աբխազիայի գործարարները միասին մասնակցել են բիզնես ֆորումի: Հետաքրքիր ծրագրեր ունենք, որոնց աջակցում են երկու երկրների կառավարությունները»,- ասել է Լավրովը:

Վրաստանյան «interpressnews» պարբերականը գրում է, որ բռնագրավված Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան իր հերթին ավելացրել է՝  Սերգեյ Լավրովի նախորդ այցից հետո երկրում կարևոր փոփոխություններ են իրականացվել:

Հիշեցնենք՝ Ռուսաստանը Աբխազիայի անկախությունը ճանաչել է 2008 թվականին՝ ռուս-վրացական  պատերազմից հետո։

Թողնել պատասխան