Վիկտորյա Մաքսոևա. «Կցանկանայի ևս մեկ ֆիլմ նկարել, որն ուղղված կլինի հատկապես վրաց հասարակությանը»

Թբիլիսիի Տաբիձե փողոցի թիվ  20 հասցեում  է գտնվում Միջմշակութային հարաբերություների զարգացման  կենտրոնը՝ «Կովկասյան տունը»:

Ազնվական  Սմիրնովների տանը գործող  կազմակերպությունը այսպես  ասած` ժողովրդական  դիվանագիտության դեր է ստանձնել` կովկասյան ժողովուրդների փոխհարաբերությունների հարցում.  Կազմակերպում է բազմաթիվ միջոցառումներ` մեկ հարկի տակ հավաքելով ինչպես Վրաստանում ապրող տարբեր ազգերի ու կրոնների ներկայացուցիչների, այնպես էլ Կովկասի տարբեր անկյուններից Թբիլիսի  ժամանողներին:

Կովկասյան տանը մեզ դիմավորեց  հայկական  հարցերով զբաղվող աշխատակիցը` թբիլիսահայ Վիկտորյա Մաքսոևան, ում շատերը անվանում են տան «հայկական դեսպան»:

Ալիքի հետ զրույցում նա ներկայացրեց իր գործունեության բնույթը, ընդգծելով, որ այն սկսել է լրագրությունից.

«Ես աշխատում  էի Կովկասյան տան  կողմից հրապարակվող`  «Кавказский акцент» թերթում:  Այնուհետև տան ղեկավար  Նաիրա Գելաշվիլիի  հրավերով  սկսեցի աշխատել Կովկսյան տան հայկական բաժնում: Հիմնականում մշակութային  միջոցառումներ եմ  կազմակերպում,  օրինակ  հուշ երեկոներ նվիրված Պարույր Սևակին, Չարենցին,  Կոմիտասին…»:

Մաքսոևան ընդգծեց, որ  Կովկասյան տունը համագործակցում է  Վիրահայոց թեմին կից  գործող` «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի, ինչպես նաև Վրաստանում Հայաստանի դեսպանատան հետ.

 «Հայարտան հետ բազմաթիվ միջոցառումներ ենք իրականացրել: Հայ համայնքը շատ արագ բարեկամացավ Կովկասյան տան հետ: Վրաստանում Հայաստանի դեսպանատան հետ ակտիվորեն համագործակցում էինք  հատկապես  Հրաչյա Սիլվանյանի և Հովհաննես Մանուկյանի պաշտոնավարման ժամանակ:  Բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել  Հայաստանում, Վրաստանում, Թուրքիայում, Ռուսաստանում, որոնք մեծ արձանաքների են արժանացել»:

Վիկտորիա Մաքսոևան ղեկավարում է նաև  «Ագորա Ջորջիա» կազմակերպությունը:   Նա «Ալիքին»  պատմեց, թե ինչպես է առաջացել առանձին կազմակերպություն  հիմնելու գաղափարը.

 «Կովկասյան տան հայկական բաժնում պարբերաբար  հավաքվում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ` հույներ, գերմանացիներ,  մերձբալթյան երկրների քաղաքացիներ և Թբիլիսիում ապրող տարբեր ազգային փոքրամասնությունների  ներկայացուցիչներ:  Նրաք ինձ կոչ էին անում, որ ես ինձ դրսևորեմ նաև որպես ինքնուրույն գործիչ: Հենց այդպես էլ ծագեց  «Ագորա Ջեորջիա»-ի ստեղծման գաղափարը և մինչ օրս փորձում եմ աշխատել: Փառք աստծո, ծանր պայմաններում գործընկերներս միշտ աջակցում են»:

Մաքսոևան հեղինակել է Հայաստանում ապրող վրացական համանքի  մասին պատմող վավաերագրական ֆիլմը, որը իրականություն է դարձել Կովկասյան տան,  եվրոպական «Հորիզոն» հիմնադրամի ու  Վրաստանում ՀՀ նախկին դեսպան Հովհանես Մանուկյանի  աջակցությամբ:  Ֆիլմը ներկայացվել է Վրաստանի Մշակույթի  նախարարությունում.

 «ֆիլմը Հայաստանում ապրող  վրացիների մասին է: Ինչպես են նրանք ապրում,  ունեն արդյոք համայնքային կազմակերպություններ և ինչպիսի հարաբերություններ հայերի  հետ: Այս ամենը պետք էր ցույց տալ,  կոտրելու համար  այստեղ ձևավորված այն կարծրատիպը, թե  Հայաստանում չկան այլ ազգերի ներկայացուցիչներ:  Ինձ թվում է մեզ հաջողվեց դա անել: Բացի այդ մենք մենք  ցույց տվեցինք, որ  Հայաստանում  ապրում են նաև ազգությամբ հրեաներ»:

«Ժամանակակից թբիլիսահայերի ֆոտոտարեգրություն» ցուցահանդեսը նույնպես նախաձեռնել էր Մաքսոևան` սկզբում այն ներկայացնելով  Երևանում, այնուհետև և Թբիլիսում:  Այն կազմված  է թբիլիսահայ  լուսանկարիչ Յուրի Ակուլյանի գործերից:

 «Բազմաթիվ  դրական արձանգանքներ ստացանք: Հանդիսատեսը ծանոթացավ Վրաստանում  հայ  համայնքի պատմության տարբեր փուլերին:  Իհարկե, մենք խոսում ենք Մանթաշովի, Թումանյանի մասին,  սակայն  աշխատում ենք  չմոռանալ նաև ժամանակակիցը` այն ևս արձանագրելով  մեր  պատմության մեջ»:

Թբիլիսիում ծնված Մաքսոևայի նախնիները  Հայոց Ցեղասպանությունը վերապրածներ են, և նրա գերդաստանի պատմությունը տեղ է գտել խիզախ մարդկանց  մեծարելու նպատակով վերջերս  ստեղծված «100 կյանք»  համաշխարհային նախագծում:

Վիկտորիա Մաքսոևան  հատկապես բարձր է գնահատում Եղեռնի առընչությամբ  Հռոմի պապի արած հայտարարությունները, և նա  իր շնորհակալությունը  Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդին հայտնել է յուրօրինակ ձևով.

 «Հռոմի պապի հայտարարություններում  հստակ երևում է նրա դիրքորոշումը ցեղասպանության նկատմամբ: Մենք մի տեսահոլովակ ենք նկարել  «Պանիս անջելիկուս» անվամբ, որում հանդես են գալիս հայ և  վրացի երգիչները:  Նաև  նամակ ենք ուղարկել  Հռոմի պապին, ով ի պատասխան  օրհնել է մեզ,  ու ողջունել նախաձեռնությունը»:

Մեր զրուցակցի հետագա ծրագրերը  նույնպես կարևոր առաքելություն ունեն.

«Կցանկանայի ևս մեկ  ֆիլմ նկարել, որն ուղղված կլինի հատկապես  վրաց հասարակությանը: Կարծում եմ` հայ համայնքն այսօր  վրացական միջավայրում  իր մշակույթը ներկայացնելու խնդիր ունի»:

Զրույցի ժամանակ պարզեցինք նաև, որ   Մաքսոևան նաև գրում է. Բանաստեղծություններն արդեն հրատարակվել են մի քանի գրքերում: Վերջերս Ռուսաստանում կայացած Սլավոնական գրական համաժողովին   նրա «Լիբանանյան Մայրիները»   (Ливанские кедры) գիրքն  արժանացել է «ոսկե դիպլոմ» մրցանակին.

«Հատկանշական է, որ այնտեղ ես հանդես եկա Վրաստանի անունից, իմ կարծիքով դա պետք է գնահատվի Վրաստանի կողմից:  Այս պահին թվով երրորդ վեպի վրա եմ աշխատում և հույս ունեմ, որ այն պատրաստ կլինի արդեն հաջորդ տարի»:    

Վերջում Կովկասյան տան  «հայկական դեսպանը» մեզ ծանոթացրեց տարածքի հետ. այստեղ է գտնվում Սմիրնովների թանգարանը, որը իրավաբանական մի շարք  խնդիրների պատճառով 2010 թվականից  չի գործում,  եղանք նաև Կովկասյան տան հանդիսասրահում,  այգում և   գրասենյակի այլ անկյուննեում:

Թողնել պատասխան