Վիրահայոց թեմը 300 հազար դոլար է ստացել պետությունից. ԱՄՆ-ի պետքարտուղարություն

ԱՄՆ-ի պետքատուղարությունը հրապարակել է 2016 թվականի` կրոնի ազատության մասին տարեկան զեկույցը: Զեկույցի Վրաստանին վերաբերող հատվածում անդրադարձ է արվում նաեւ հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմին, եկեղեցու հետեւորդների թվաքանակին եւ այլն:
 Հենվելով 2014 թվականին` Վրաստանում ացնկացված մարդահամարի տվյալների վրա, պետքարտուղարության հրապարակած փաստաթղթում նշվում է, որ երկրի բնակչության 83,4 %-ը վրաց ուղղափառ եկեղեցու հետեւորդ է, շուրջ 11 տոկոսի է հասնում Վրաստանի մահմեդական բնակչությունը, իսկ հայ առաքելական եկեղեցու անդամների թվաքանակը ընդհանուր բնակչության 2.9 տոկոսն է կազմում: Մնացած կրոնական ուղղություններն ու հարանվանությունները, այդ թվում` հրեաները, եզդիները, հույները, կաթոլիկները, ռուսներն ու այլոք միասին վերցրած` Վրաստանի ընդհանուր բնակչության ընդամենը 3 տոկոսն են կազմում:
 Զեկույցում անդրադարձ կա նաեւ 2014 թվականին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված օրենքին, որի համաձայն երկրի մի քանի կրոնական կազմակերպությունների ֆինանսական փոխհատուցում է տրամադրվում Խորհրդային շրջանում պատճառված «բարոյական եւ նյութական» վնասի դիմաց: Նշվում է, որ 2016 թվականին Վրաստանի մահմեդական, հրեական, կաթոլիկ եւ հայ առաքելական համայնքները պետական բյուջեից 4.5 մլն լարիի (1.7 միլիոն ԱՄՆ դոլար) փոխհատուցում են ստացել: Նշված գումարի մեծ մասը` շուրջ 1 մլն ԱՄՆ դոլար բաժին է հասել մահմեդական համայնքին: Երկրորդ տեղում է հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը` 300 հազար ԱՄՆ դոլարով:
 ԱՄՆ-ի պետքարտուղարության զեկույցի` «կառավարության քաղաքականություն» հատվածում նշվում է, որ Վրաստանում ամերիկյան դեսպանության աշխատակիցները պարբերաբար հանդիպել են երկրի սուննի եւ շիա մահմեդական համայնքների, ինչպես նաեւ Վիրահայոց թեմի հոգեւոր դասի ներկայացուցիչների հետ: Կրոնի ազատության մասին տարեկան զեկույցի վերջին մասում ասվում է, թե կրոնական համայնքների հետ հանդիպումների ընթացքում ամերիկացի դիվանագետները հորդորել են պահպանել միջկրոնական հանդուրժողականության, երկխոսության, փոխադարձ հարգանքի եւ հանդուրժողականության մթնոլորտ:

Թողնել պատասխան