Վիրահայոց թեմում նշվեց Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը

Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում հունվարի 5-ի երեկոյան մատուցված  Ճրագալույցի տոնական Սուրբ  պատարագով ազդարարվեց Սուրբծննդյան ավետիսը` «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս»: Երեկոյան մարդիկ իրենց  տուն տարան եկեղեցում վառված մոմերը, ինչը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի նորածին Հիսուսը:

Տոնը շարու3նակվեց հունվարի 6-ին: Առավոտյան Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնի հետ կապված մատուցվեց պատարագ, որին ներկա էին  Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաները: Վերջիններս տոնի առիթով շնորհավորեցին Հայ Առաքելական  Ուղղափառ  Սուրբ եկեղեցու հետևորդներին:

vashakmadzeՎրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության ղեկավար Զազա Վաշակղմաձեն իր խոսքում նշեց.

«Շնորհավորում եմ Սուրբծննդյան և Ջրօրհնեքի առիթով: Քրիստոնյա աշխարհում սա հատուկ՝ ջերմության, սիրո, միավորման ու նոր հույսերի տոն է և ուզում եմ հատուկ ընդգծել Վրաստանի բարգավաճման գործում հայերի ունեցած ներդրումը»:

«Շնորհավորում եմ այս պայծառ տոնի կապակցությամբ, մաղթում եմ խաղաղություն, հաջողություններ, բարեցեկեցություն ձեր ընտանիքներում, ինչպես նաեւ մեր երկրում: Մեր պետությունը, անշուշտ, կշարունակի նույն եռանդով աշխատել, որպեսզի երկրի բոլոր քաղաքացիները, անկախ  էթնիկ ծագումից ու կրոնական համոզմունքից, իրենց զգան հավասար ու պաշտպանված:  Մենք այժմ գտնվում ենք մի թաղամասում, որ աշխարհում բացառիկ վայրերից է, որտեղ կողք կողքի վեր են խոյանում այսքան կրոն ու մշակույթ ներկայացնող հուշարձաններ»,- Ալիքի հետ զրույցում Թբիլիսի Մեյդան թաղամասում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցում ասաց Վրաստանի Հաշտեցման եւ քաղաքացիական հավասարության նախարար Քեթևան Ցիխելաշվիլին:

Տոնին ներկա էր նաեւ Թբիլիսիի սակրեբուլոյի (ավագանի) ղեկավար Գիորգի Ալիբագաշվիլին: Նա նույնպես շնորհավորեց Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին` նշելով. 10«Հայ և վրաց ժողովուրդներին կապում է դարավոր եղբայրությունը: Մենք այստեղ մեկս մյուսին աջակցելու հույսն ունենք և կարծում եմ, որ միասնական ուժերով կշարունակենք ծառայել մեր երկրին: Լավ օրեր են մեր երկրում եւ աշխարհում, միասին պետք է զարգացնենք երկիրը»:

Վիրահայերի Սուրբ ծննդյան տոնը շնորհավորել է նաեւ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, ուղերձը տեղադրված է կառավարության պաշտոնական էջում:

«Հպարտ եմ, որ  դարեր շարունակ պահպանել ենք մեր եղբայրությունն ու բարեկամությունը: Հավատում եմ, որ վրացիներն ու հայերը սիրով եւ հարգանքով կշարունակեն ապրել կողք կողքի` էլ ավելի հզորացնելով մեր երկիրը»,-ասված է վարչապետի ուղերձում:

Իր ֆեյսբուքյան էջում շնորհավորանք է հրապարակել նաեւ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին.

«Հայերի եւ վրացիների եղբայրությունը մեր երկրների պատմության տարիքին է: Անգնահատելի է ձեր ավանդը Վրաստանի զարգացման գործում: Այստեղ ծնված բազմաթիվ հայ արվեստագետներով, գիտնականներով ու հասարակական գործիչներով մենք հպարտանում ենք այնպես, ինչպես ձեր պատմական հայրենիքում՝ Հայաստանում»:14

Սուրբ Գևորգ եկեղեցում մատուցված պատարագից հետո տեղի ունեցավ Ջրօրհնեքի արարողություն, որին հաջորդեց արդեն Վիրահայոց թեմում ավանդույթ դարձած Սուրբ  Ծննդյան տոնից  հետո նշվող «Գաթայի փառատոն- 2017»-ը:

Թողնել պատասխան