Վրաստանը մի շարք երկրներում նոր դեսպաններ կունենա

Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը կառավարությանն է ներկայացրել Ուկրաինայում, Լեհաստանում, Ռումինիայում, Բրազիլիայում, Ավստրալիայում և Մալազիայում Վրաստանի դեսպանների թեկնածությունը:   

Արտգործնախարարության տեղեկատվությամբ` Լեհաստանի հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի թեկնածուն  Իլիա Դարչիաշվիլին է, ով 2015-2016թթ․զբաղեցրել է Վրաստանի Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների փոխնախարարի պաշտոնը,  2016 թ․ դեկտեմբերից  եղել է Վրաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարությունների հարցով դեսպանը:

Ռումինիայի հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի թեկնածուն Նիկոլոզ Նիկոլոզիշվիլին է: Վերջինս 2011 թ․ զբաղեցրել է Լեհաստանում Վրաստանի դեսպանի պաշտոնը, մինչ այդ եղել է Վրաստանի դեսպանը Սլովակիայում (2006-2011թթ․) և Հայաստանում (1998-2004թթ․):

Բրազիլիայի Դաշնային հանրապետությունում Վրաստանի դեսպանի պաշտոնում առաջադրվել Է Դավիթ Սոլոմոնիայի թեկնածությունը: Նա կարիերային դիվանագետ է: 1995 թ․-ից ղեկավար պաշտոններ է զբաղեցրել  Վրաստանի ԱԳՆ կենտրոնական ապարատում և դիվանագիտական մի շարք առաքելություններում: 2014 թ․ մարտից մինչ օրս ղեկավարել է ԱԳՆ-ի Եվրաինտեգրման հարցերով վարչությունը: 2015 թ․ ստացել է արտակարգ և լիազոր դեսպանի կոչում:

Ավստրալիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի թեկնածուն Գիորգի Դոլիձեն է։ Նա 1997 թ․-ից աշխատում է արտգործնախարարությունում:  2011 թ․ հոկտեմբերից ղեկավարել է Անվտանգության քաղաքականության և Եվրատլանտյան ինտեգրման հարցերով վարչությունը: Դոլիձեն 2012 թ․արժանացել է արտակարգ և լիազոր դեսպանի կոչման:

Մալազիայի Դաշնությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում  ներկայացվել  է Նիկոլոզ Ափխազավայի թեկնածությունը, ով 2012 թ․-ից Վրաստանի դեսպանն էր Կորեայի հանրապետությունում: Արտակարգ և լիազոր դեսպանի կոչման նա արժանացել է նույն թվականին։

Ուկրաինայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի և ՎՈւԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) կազմակերպությունում  Վրաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնում առաջադրվել է Գելա Դումբաձեի թեկնածությունը: 2014-2016 թթ․ Դումբաձեն ղեկավարել է երկրի Սփյուռքի նախարարությունը: 2017 թ․ հունվարից ԱԳՆ հատուկ հանձնարարությունների  հարցով դեսպան է:

Թողնել պատասխան