Վրաստանի`հայազգի պատգամավոր Սամվել Պետրոսյանի ելույթը (Տեսանյութ)

 

Ապրիլի 13-ին Վրաստանի խորհրդարանում ելույթով է հանդես եկել հայազգի պատգամավոր Սամվել Պետրոսյանը` կոչ անելով խորհրդարանի մնացած անդամներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ջավախքից ընտրված ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» խմբակցության պատգամավորին` վրացերենով ունեցած ելույթի ընթացքում փորձել են ընդհատել: Հայազգի պատգամավորի ելույթի թարգմանությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Վրաստանը բազմազգ երկիր է , եւ բոլորս այս երկրի զավակներն ենք, ուստի մեր նպատակը պետք է լինի ապրել միասնական եւ խաղաղ Վրաստանում: Այդ իսկ պատճառով կարեւոր է վերականգնել պատմական արդարությունը: Խոսքը վերաբերում է 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը: Սա հայ ժողովրդի ամենացավոտ վերքն է: Հայոց ցեղասպանությունը ճանաչված է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների եւ երկրների կողմից: Մենք, որպես ժողովրդավարական երկիր, պետք է ճանաչենք այս փաստը, նաեւ այն պատճառով, որ Օսմանական կայսրությունը վնասներ է հասցրել նաեւ Վրաստանին: Նկատի ունեմ այն վրացական հողերը, որոնք մինչ օրս նրանց սեփականությունն են համարվում: Համոզված եմ, որ եթե Հայոց ցեղասպանությունը ժամանակին դատապարտվեր, նման ողբերգություններ աշխարհի տարբեր անկյուններում չէին կրկնվի: Գտնում եմ, որ այսպիսի հանցագործություն չպետք կրկնվի ոչ մի երկրի ու ժողովրդի նկատմամբ: Կոչ եմ անում բոլորին ճանաչել եւ դատապարտել հայոց ցեղասպանությունը, այս կերպ վերականգնել պատմական արդարությունը եւ նմանատիպ հանցագործությունները բացառել ապագայում:»

Թողնել պատասխան