Վրաստանի առաջին տիկինը՝ թատրոնի բեմում

Վրաստանի առաջին տիկին Մակա Չիչուան մի խումբ կին քաղաքական գործիչների, գրողների, կինոբեմադրիչների ու իրավապաշտպանների հետ կմասնակցի «Յոթ» խորագիրը կրող թատերական նախագծին։ Գենդերային հավասարությանը նվիրված «Յոթ» ներկայացումը  բարձրաձայնում է կանանց նկատմամբ տեղի ունեցող բռնությունների, հալածանքների ու ճնշումների մասին:

Թվով 7 կանայք, ովքեր Վրաստանում հայտնի են մի շարք ոլորտներում իրենց գործունեությամբ,  հանդես կգան  տարբեր երկրների ակտիվիստների կողմից գրված յոթ պատմություններով։ Հանդիսատեսը կտեղեկանա, թե աշխարհի տարբեր անկյուններում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվողներն  ինչպիսի դժվարությունների միջով են անցնում:

Առաջին տիկնոջից բացի բեմահարթակին հանդես կգան քաղաքական գործիչներ Թամար Չուգոշվիլին, Խաթունա Սամնիձեն, Էլենե Խոշտարիան,  իրավապաշտպան Թամարա Գուրչիանին, գրող Նանա Էքվտիմիշվիլին, լրագրող Նեստան Կվինիկաձեն:

Բեմադրությունը կներկայացվի նոյեմբերի 25-ին՝ ժամը 19:00-ին, Թբիլիսիի Կոտե Մարջանիշվիլիի անվան պետական թատրոնում:  Ներկայացման մուտքն անվճար է,  տոմսերի ամրագրման համար կարող եք այցելել www.tkt.ge/seven հասցեով:

Ի դեպ,  «Յոթ»-ը՝ արդեն հաջողությամբ բեմադրվել է աշխարհի 32 երկրում, տեղեկացնում է «newsgeorgia.ge» կայքը:

Հիշեցնենք՝ Մակա Չիչուան մի քանի տարի առաջ նույն թեմայով խաղացել է նաև «Գզա» («Ճանապարհ») կարճամետրաժ ֆիլմում, ինչպես նաև հասարակության շրջանում աղմուկ բարձրացրած բաց տեսարաններով «ժպտա» դրամայում:

Թողնել պատասխան