Վրաստանի արտգործնախարարն Ադրբեջանում է

Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն հանդիպել է ադրբեջանցի իր գործընկերոջը:

Վրաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն` կողմերը  վերահաստատել են երկու երկրների միջև ռազմավարական համագործակցությունը, «ինչը հիմնված է բազմադարյա բարեկամության և բարիդրացիական հարաբերությունների վրա»:

Խոսվել է նաև տրանսպորտային և էներգետիկ ծրագրերի մասին: Կողմերը նշել են` ծրագրերը կարևոր են ոչ միայն երկու երկրների, այլ նաև տարածաշրջանի անվտանգության համար: Անդրադարձ է եղել նաև «Կարմիր կամրջի»  վերանորոգման աշխատանքներին:

 «Վրացական կողմը շնորհավորել է Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ռազմավարական փաստաթղթի շուրջ գործընթացների մեկնարկի կապակցությամբ: Ջանելիձեն նշել է, որ ԵՄ-ի ձևաչափով համագործակցությունը երկու երկրների փոխգործակցության նոր հնարավորություններ կստեղծի: Կողմերը տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ աջակցություն են հայտնել»,— ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Պաշտոնական այցի շրջանակներում Միխեիլ Ջանելիձեն հանդիպել է նաև Իլհամ Ալիևին, Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեին և Միլի մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովին:
Լուսանկարը` Վրաստանի ԱԳՆ-ի պաշտոնական էջից

Թողնել պատասխան