Վրաստանի դպրոցները կրկին կգործեն փետրվարի 1-ից

7Վրաստանում գրիպի վիրուսի պատճառով ուսումնական գործընթացը դադարեցրած հանրակրթական դպրոցները կվերսկսեն ուսումնական գործընթացը փետրվարի 1-ից: Այն դպրոցները, որտեղ ուսումնական գործընթացը դադարեցվել էր գրիպի վիրուսի պատճառով, կրկին կգործեն երկուշաբթի օրվանից: Այս մասին հունվարի 29-ին հայտարարել է կրթության և գիտության նախարարի տեղակալ` Լիա Գիգաուրին, տեղեկացնում է «interpressnews.ge» պարբերականը:

Փոխնախարարն այցելել է Թբիլիսիի թիվ 87 դպրոցը՝ տեսնելու, թե որքանով են հաշվի առնվում «Առողջապահության համաշխարհային կազմակերպության» և «Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոն»-ի խորհուրդները: Հիշեցնենք, որ հունվարի 28-ի տվյալներով, աշակերտների բացակայությունների պատճառով Վրաստանի 276 դպրոցներում դադարեցվել էր ուսումնական գործընթացը, Լիա Գիգաուրիի հաղորդմամբ, այսօր՝ հունվարի 29-ին, դրանց ավելացել են ևս 15-ը:

«Հենց այս պատճառով ենք որոշել այցելել դպրոցներ, որպեսզի համոզվենք, արդյոք ճի՞շտ են իրականցվում ձեռնարկվող կանխարգելիչ միջոցառումները: Առաջիկայում եւս շարունակելու ենք մշտադիտարկում իրականացնել դպրոցներում, լրացուցիչ վտանգների առկայության դեպքում «Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոն»-ի համաձայնությամբ լրացուցիչ կանխարգելիչ միջոցառումներ կձեռնարկենք, հույս ունեմ` ուսումնական գործընթացը դադարեցված դպրոցներում իրավիճակը ժամանակին կբարելավվի»,- եզրափակել է Լիա Գիգաուրին:

Թողնել պատասխան