Վրաստանի ԿԸՀ-ում 32 կուսակցություն է գրանցվել

Օգոստոսի 4-ի դրությամբ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խորհրդարանական ընտություններին մասնակցելու համար արդեն 32 կուսակցություն է գրանցել, այդ թվում հայտնի օպերային երգիչ Պաատա Բուրճուլաձեի ղեկավարած` Պետությունը ժողովրդի համար կուսակցությունը: Վրաստանում խորհրդարանական ընտրությունները նախատեսվում է անցկացնել ընթացիկ տարվա հոկտեմբերի 8-ին: Ընտրություններին կարող է մասնակցել Վրաստանի տարածքում գրանցված և իր օգտին ստորագրությունների որոշակի չափաքանակ ունեցող ցանկացած կուսակցություն: ԿԸՀ-ն կուսակցությունների գրանցումը սկսել է ապրիլի 1-ին:

Այս պահի դրությամբ գրանցվելու հայտ է ներկայացրել 62 կուսակցություն: Խորհրդարանում, կամ տեղական ինքնակառավարման մարմիններում ներկայացված կուսակցությունները պետք է ներկայացնեն հազար կողմնակիցներից բաղկացած ցուցակ: Բոլոր այլ կուսակցությունները ստիպված կլինեն հավաքել 25.000 ստորագրություն: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը օգոստոսի 14-ն է: Պատգամավորության թեկնածուների ցուցակները ԿԸՀ-ին պետք է ներկայացվեն մինչև սեպտեմբերի 8-ը: Ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 3.513.260 ընտրող:

Թողնել պատասխան