Վրաստանի ճանապարհներին սահմանափակումներ են գործում

Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով Վրաստանի պետական նշանակության մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակված է: Տեղեկությունը տարածել է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը: Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է վրաց-ռուսական սահման տանող Կոբի-Գուդաուրի հատվածը: Գերատեսչությունից տեղեկացնում են, որ ներկայումս ձնամաքրման ակտիվ աշխատանքներ են ընթանում: Ձյան սողանքի վտանգ կա:

Արգելվում է նաև Մլեթա-Գուդաուրի ճանապարհի 134-135-րդ կմ հատվածում մեքենաների կանգառը: Դեպարտամենտի թեժ գծից տեղեկանում ենք, որ դեռևս պարզ չէ՝ երբ կվերականգնվի Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի նշված հատվածի երթևեկությունը:

Ինտենսիվ ձյան պատճառով կցորդով և կիսակցորդով ավտոմեքենաների համար փակ  է Քութայիսի-Տղիբուլի-Ամբրոլաուրի ավտոճանապարհի 38-62-րդ կմ հատվածը, իսկ բոլոր տեսակի ավտոմեքենաների համար արգելված է տեղաշարժը Ժինվալի-Բարիսախո-Շաթիլի ճանապարհի 53-106-րդ կմ հատվածում: Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով բոլոր մեքենաների համար փակ է Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ճանապարհի 94-110-րդ կմ հատվածը:

Շուրջօրյա ռեժիմով մաքրման աշխատանքներ են տարվում Բորջոմի-Բակուրիանի ճանապարհին, կատարվում են աղալցման և ավազալցման աշխատանքներ: Դեպարտամենտը հորդորում է երթևեկել միայն ձմեռային անվադողերով, ենթարկվել ճանապարհներին սահմանված ռեժիմին:

Թողնել պատասխան