Եղանակը Վրաստանում. Վրաստանի ՆԳՆ-ի թեժ գծին 400 ահազանգ է գրանցվել

Վրաստանի ներքին գործերի նախարարության թեժ գծին վատ եղանակային պայմանների հետ կապված 400-ից ավելի ահազանգ է ստացվել՝ երկրի ողջ տարածքից: Երկարատև հորդառատ անձրևները, կարկուտը խնդիրներ են ստեղծել Վրաստանի մի շարք շրջաններում: Սողանքի պատճառով փակվել է Ծղնեթի և Ախալդաբա գյուղեր տանող ճանապարհը: Տուժել են նաև Շիդա Քարթլի և Սամցխե-Ջավախեթի շրջանները՝ մասնավորապես Բորժոմին, Ախալցիխեն, Ադիգենին, հեղեղվել են նկուղներ,  բնակելի տների բակեր, տուժել է բերքը: Արևելյան Վրաստանում կարկուտ է տեղացել, գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են Կախեթիի և Քվեմո Քարթլիի որոշ գյուղերի մշակաբույսերը:

Օդերևութաբանները զգուշացնում են, որ անկայուն եղանակը պահպանվելու է առաջիկա օրերին ևս, սակայն հորդառատ անձրևները բացառվում են: Մայրաքաղաքում կարճատև տեղումներ են կանխատեսվել երկուշաբթի՝ հունիսի 12-ին: Անձրևի և ամպրոպի հավանականություն կա, ինչպես արևելյան, այնպես էլ արևմտյան Վրաստանում:

Թողնել պատասխան