Վրաստանի Սահմանադրության նոր նախագիծը կքննարկվի Վենետիկում

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն մեկնել է Վենետիկ, որտեղ մասնակցելու է Վրաստանի Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ կայանալիք նիստին։

Նշվում է, որ Վենետիկի հանձնաժողովը նիստից հետո կհրապարակի հարցի շուրջ վերջնական զեկույցը։

«Ռուսթավի 2»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահը սպասում է հանձնաժողովի վերջնական զեկույցին, ինչից հետո կորոշի՝ կիրառել վետոյի իրավունքը, թե՝ ոչ: «Վրացական երազանք»-ը իր հերթին Մարգվելաշվիլիին սահմանադրական փոփոխությունների նախագծի հարցում  համաձայնություն է առաջարկում:

«Անշուշտ, վետոյի սպասում ենք։Չնայած լավ կլիներ, որ նախագահը մտափոխվեր, մեզ հետ քննարկեր հակասական կետերը: Կարծում եմ՝ փաստեր կան, որոնց հետ համաձայն է միջազգային հանրությունը, Վենետիկի հանձնաժողովը»,- հայտարարել է «Վրացական երազանք»-ի պատգամավոր Գիա Վոլսկին:

Տեղեկացնենք, որ Սահմանադրության նոր նախագծի հարցում ընդդիմությունը նախագահին կոչ է անում օգտագործել  վետոյի իրավունքը։

«Մեր դիրքորոշումն է, որ վրաց հասարակությունը հարցով դիմի բոլոր իրավական ճանապարհներով: Մասնավորապես՝ նախագահը պետք է վետո դնի»,- հայտարարել է «Միացյալ ազգային շարժման» անդամ Կոտե Իոսելիանին:

Թողնել պատասխան