Վրաստանի Սահմանադրությունում հողերի օտարման վերաբերյալ կետ կավելանա

Վրաստանում գյուղատնտեսական նշանակության հողերի վաճառքը այլ երկրի քաղաքացիներին կարգելվի։ 

Երկրի գլխավոր օրենքում նման կետ մտցնելու մասին որոշումն ընդունվել է խորհրդարանի իրավական հարցերով հանձանաժողովի նիստում։

Խորհրդարանական ընդդիմությունը համաձայն է՝ հարցը կարգավորման կարիք ունի, սակայն, այն պետք է սահմանվի օրգանական օրենքով։

«Որոշակի վերահսկման համար օրգանական օրենքը բավարար է։ Սահմանադրությունում ամուսնության, հողատարածքի ձեռք բերման և այդ կարգի հարցերի ներառումը ռուսական ճնշման արտահայտում է»,- հայտարարել է «Միացյալ ազգային շարժման» անդամ Ռոման Գոցիրիձեն:

Հարցում ռուսական քարոզչության մասին են խոսում նաև «Եվրոպական Վրաստան»-ի անդամները:

Իշխող «Վրացական երազանք»-ը, սակայն, վերոնշյալ հարցի սահմանումը պնդում է Սահմանադրությունում: Խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլիի խոսքով՝ հողերի օտարման հարցն իսկապես մտահոգում է հասարակությանը:

«Մենք ցանկանում ենք առավելագույն ճկունություն դրսևորել հարցում: Թե ինչ տեսքով այն տեղ կգտնի Սահմանադրության մեջ, դա դեռ ենթակա է քննարկման: Փաստ է, որ մեր բնակչությանը մտահոգում է խնդիրը, ինչի հետ մենք պարտավոր ենք հաշվի նստել»,- հայտարարել է Սեսիաշվիլին:

Հիշեցնենք՝ նման առաջարկով հանդես են եկել նաև Վրաստանի լեյբորիստները։

Թողնել պատասխան