Վրաստանյան փորձագետները գնաճ են կանխատեսում

Վրաստանյան փորձագետները կանխատեսում են ապրանքատեսակների և ծառայությունների գնաճի ալիք՝ լարիի արժեզրկման և Կառավարության նոր նախաձեռնությունների ֆոնի վրա: Մասնագետները սպասում են հատկապես հացի, առաջին անհրաժեշտության ապրանքների, տրանսպորտի և էլեկտրաէներգիայի վարձավճարի թանկացում: Վրաստանի «Նոր տնտեսական դպրոցի» տնօրեն Պաատա Շեշելիձեն, խոսելով շղթայական ռեակցիայի մասին, ասել է, թե վառելիքի գների բարձրացման հետ մեկտեղ՝ կավելանան նաև սպառման այլ ապրանքատեսակների արժեքները. «Բենզին վաճառողները կջանան իրենց ավելացած բեռը բարդել սպառողների վրա: Բենզինը ոչ էլաստիկ է, այդ պատճառով մեծ հավանականություն կա, որ դա նրանց մոտ կհաջողվի, սակայն հնարավոր է վաճառքի ծավալները կրճատվեն: Ավտոմատ կերպով տաքսիները, ավտոբուսները, բենզին օգտագործող մյուս փոխադրամիջոցներն, իհարկե, փորձելու են ծախսերը թողնել սպառողին, այսինքն գործ կունենանք շղթայական ռեակցիայի հետ»: 

Միաժամանակ փորձագետները հայտարարում են, որ ապրաքների գների ավելացումը կկրճատի բնակչության գնողունակությունը և չեն բացառում, որ մի քանի կազմակերպություններ նույնիսկ հնարավոր է սնանկանան: Վրաստանի ենթակառուցվածքային ծրագրերի նախաձեռնության ղեկավարը  խոսել է գործընթացներում Կենտրոնական բանկի անհապաղ միջամտության անհրաժեշտության մասին. «Օրակարգում պետք է լինի Կենտրոնական բանկի միջամտության հարցը: Նկատի ունեմ առաջին հերթին արտարժույթի փոխարժեքին միջամտելը, ինչը կբացառի խուճապն ու իրարանցումը, հակառակ դեպքում կարճ ժամկետում մենք կարող ենք ունենալ սպեկուլյատիվ միտում, որն էլ կբերի մեծ կորուստների և վնասների՝ երկրի համար »,-ասել է Լեվան Կալանձաձեն:

Հիշեցնենք, որ նախօրեին  Վրաստանում ԱՄՆ դոլարի փոխարժեքը մի քանի անգամ տատանվեց՝ 250-270 լարի, իսկ տարադրամի փոխանակման որոշ կետերում և կոմերցիոն բանկերում հասավ  մինչև 273 լարիի: Վրաստանի Կենտրոնական բանկը հորդորել էր կտրուկ որոշումներ չկայացնել:

Թողնել պատասխան