Վրաստանում մեկնարկել է գարնանային զորակոչը

Վրաստանի պաշտպանության նախարարությունը զինված ուժեր է ընդունել 140 նորակոչիկներից կազմված խումբը: Պարտադիր զինվորական ծառայության մասին օրենքի վերականգնելուց հետո սա առաջին զորակոչն է: Նորակոչիկների հետ հանդիպել են Վրաստանի ԶՈՒ կենտրոնական շտաբի ղեկավար Վլադիմիր Չաչիբայան և տեղակալ Շալվա Ջաբախիձեն: Զորակոչի ընթացքում  Վրաստանի ՊՆ-ն ծրագրում է ընդհանուր առմամբ ավելի քան 2 հազար զինվոր ընդունել:

Հիշեցնենք՝ Վրաստանում պարտադիր զինվորական ծառայությունը վերացվել էր նախորդ տարվա ամռանը՝ պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավար Թինա Խիդաշելիի հրամանով: Նորանշանակ նախարար Լեւան Իզորիան որոշեց վերականգնել օրենքը: 2016-ի նոյեմբերին այս մասին հայտարարվեց պաշտոնապես: Ընդ որում պարտադիր ծառայության կարգում նորամուծություններ եղան: Այսպես, եթե նախկինում նորակոչիկները պարտադիր ծառայության ընթացքում հիմնականում զբաղվում էին մարտական օբյեկտների հսկմամբ, ապա այժմ նրանք պետք է նախնական զինվորական պատրաստվածության 10-շաբաթյա կուրս անցնեն, ինչպես պայմանագրային զինծառայողները: Ժամկետային զինծառայողները կսովորեն նաև ֆիզիկական ծանրաբեռնվածության պայմաններում կրակային և տակտիկական ուսուցման հիմունքները:

«Նոր մոտեցման նպատակը մարտական պատրաստվածության վրա կենտրոնանալն է: Զինվորականները կանցնեն լիարժեք զինվորական պատրաստություն, կմասնակցեն գրեթե բոլոր ընթացիկ զորավարժություններին» ,-նշել է Շալվա Ջաբախիձեն: Բացի այդ, զինվորները հնարավորություն կունենան հանգստյան օրերը տանն անցկացնել և օգտվել նորացված սոցիալական փաթեթից: Պարտադիր զինվորական ծառայություն անցած յուրաքանչյուր անձ հնարավորություն է ունենալու շարունակել ծառայությունը Զինված ուժերի շարքերում՝որպես պրոֆեսիոնալ զինվորական: Ինչպես նաև հաշվառվել Ռազմական ակադեմիայի տարեկան ծրագրում և շարունակել կարիերան որպես սերժանտ:

Այսօրվա դրությամբ Վրաստանում զինվորական ծառայությունը բաժանվում է 4 կատեգորիայի՝ պարտադիր, պայմանագրային, կադրային և պահուստային: Պարտադիր ծառայության են կանչվում 18-27 տարեկանները, պարտադիր ծառայության ժամկետը 12 ամիս է: Զորակոչ հայտարարվում է տարվա մեջ երկու անգամ՝ աշնանը և գարնանը:

Թողնել պատասխան