Վրաստանում տարեկան 600 մարդ ՃՏՊ-ի զոհ է դառնում

«Գռուզիա օնլայն» լրատվականը հոդված է հրապարակել` «Վրաստանյան փողոցների անպատժելիության համախտանիշը» վերնագրով, որտեղ նշվում է, որ քաղաքացիները դժգոհություններ ունեն պարեկային ոստիկանության անգործությունից:

Հաճախ պարեկային անձնակազմը աչք է փակում ճանապարհային երթևեկության բացահայտ խախտումների վրա` նշում է հոդվածագիրը. «Բավական է նայել` ինչ երթևեկություն է փողոցներում և այն տեղերում, որտեղ ոստիկանական ծառայություն է իրականացվում և հեշտությամբ կարելի է նկատել, որ ոստիկանը երբեմն արհամարհում է նույնիսկ ակնհայտ խախտումները, ինչպիսին է օրինակ` կարմիր լույսի տակ անցնելը: Շատ գիտակից քաղաքացիներ նույնիսկ զանգահարում են «112» ծառայություն` խնդրելով արձագանքել կանոնների խախտման դեպքերին, սակայն պարզ չէ` արձագանք լինում է, թե` ոչ: Հետադարձ կապ չկա: Անպատժելիությունը հասցրել է նրան, որ վարորդները չեն ամաչում կանոնները խախտել նույնիսկ ոստիկանական մեքենաների առկայությամբ»:

Ի՞նչն է դարձել այսպիսի մոտեցման պատճառ, հատկապես այն դեպքում, երբ պետությունը ճանապարհային երթևեկության անվտանգությունը պաշտոնապես հայտարարել է առաջնահերություններից մեկը,- հարց է տալիս պարբերականը` մեջբերելով վիճակագրությունը, ըստ որի, միայն 2016 թվականի երեք ամիսներին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, 102 միավորով ավելացել է վթարների թիվը, պատահարի զոհ է դարձել արդեն 143 մարդ: Ըստ թերթի` իշխանությունները նույնպես ընդունում են, որ քաղաքային փողոցներում ծանր իրավիճակ է ստեղծվել: Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Շալվա Խեցուրիանիի խոսքով` ամեն տարի վթարներից մահանում է միջինում 600 մարդ: Այս ցուցանիշը Եվրոպայում վատագույններից մեկն է: Այսպես, Վրաստանում իրավիճակն ավելի վատ է, քան օրինակ հարևան Ռուսաստանում կամ Հայաստանում:

Պարբերականի համոզմամբ` իշխանությունը ոչինչ չի անում իրավիճակը շտկելու համար, օրինակ`արդեն մի քանի շաբաթ Խորհրդարանում է և չի քննարկվում ճանապարհային երթևեկության մասին օրենքի նախագիծը, որը պետք է նպաստի փողոցներիում անվտանգության ավելացմանը: Օրինագիծը ներառում է աջակողմյան ղեկով մեքենաների արգելքը, ինչպես նաեւ տուգանքի նոր համակարգի ներդրումը:

Թողնել պատասխան