Վրաստանը, Իրանն ու Ադրբեջանը երկաթուղային նոր ծրագրի շուրջ քննարկումներ են ունեցել

Վրաստանի, Ադրբեջանի և Իրանի երկաթուղիների ղեկավարները քննարկել են «Հարավ-արևմուտք» նոր երկաթուղային ծրագրին վերաբերող հարցեր:
«Վրաստանի երկաթուղիներ» ընկերությունից տեղեկացնում են, որ երկաթուղային միջանցքի զարգացման համար նախատեսված է կարևոր ծրագրերի իրականացում՝ Պարսից ծոցից և Հնդկաստանից Եվրոպայի ուղղությամբ:
«Թբիլիսիում այսօր տեղի ունեցած հանդիպմանը կողմերը նշել են, որ ծրագրի հաջող իրականացման դեպքում Եվրոպայի ուղղությամբ բեռնափոխադրումների տևողությունը կկրճատվի: Այսօրվա դրությամբ, Պարսից ծոցից և Հնդկաստանի շրջաններից դեպի Եվրոպա մեծ քանակությամբ բեռների ծովային փոխադրումների համար անհրաժեշտ է 30-40 օր: Վրաստանի, Ադրբեջանի և Իրանի երկաթուղային գծերով նույն բեռները հնարավոր կլինի փոխադրել ավելի կարճ ժամկետներում»,- հայտարարել են «Վրաստանի երկաթուղիներից»:
Ծրագրի կարևորության մասին է խոսել նաև Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղիների ընկերության նախագահ Սաիդ Մոխամադզադեն:
«Սա նոր տրանսպորտային միջանցքի ներկայացում է: Շատ հետաքրքիր առաջարկներ է ներկայացրել Վրաստանի երկաթուղային ընկերությունը, ինչը, վստահ եմ՝ կակտիվացնի երկու երկրների երկաթուղիների գործունությունը: Հայտնի է, որ երկաթուղին այլընտրանք չունի` ավելի անվտանգ է, էժան և արագ»,- հայտարարել է Մոխամադզադեն:
Ադրբեջանի երկաթուղիների ղեկավար Ջավիդ Գուրբանովի խոսքերով, հատկանշական է, որ Պակիստանի, Հնդկաստանի և Իրանի միջև մեծ բեռնաշրջանառություն կա, իսկ այս միջանցքը մեծ հեռանկարներ ունի:
«Ցանկանում ենք ստեղծել միասնական սակագնային համակարգ, որպեսզի կարողանանք վերահսկել այդ ապրանքները: Ուրախ եմ, որ Վրաստանի կառավարությունը մի քանի ազատ առևտրի գոտի է ստեղծել»,- նշել է Գուրբանովը:

Թողնել պատասխան