Վրաց ժողովուրդը դեպի Արևմուտք է ձգտել դեռեւս խորհրդային տարիներից. Մարգվելաշվիլի

Վրաստանի նախագահը չի բացառում, որ խորհրդարանում հնարավոր է` ռուսամետ ուժեր հայտնվեն: Չնայած` Մարգվելաշվիլին սրա մեջ անհանգստացնող ոչինչ չի տեսնում և դեմ չէ: Ավելին, նա կարծում է` եթե դա հասարակության որոշակի մաս պահանջն է, ուրեմն դա այդպես էլ պիտի լինի: Միաժամանակ երկրի ղեկավարը այս գործընթացը որակում է ժողովրդավարական: «Ռուսթավի 2»-ի եթերից նախագահն ասել է. «Կարևոր է, որ ընտրություններն անցնեն անաչառ և ոչ մի մանդատ չկորչի: Եթե կան մարդիկ, ովքեր մտածում են, որ Վրաստանի ուղղությունը պետք է այլ լինի, նրանք պետք է գոյություն ունենան խորհրդարանում: Հենց սա է ժողովրդավարությունը: Նրանք Վրաստանի քաղաքացիներ են: Այլ հարց է` ես արդյոք պարտված կլինե՞մ, եթե նրանք իշխանության գան: Սրա համար ոչ մի հնարավորություն չկա: Բայց միանգամայն ընդունելի է, որ նրանք խորհրդարանում ներկայություն ունենան»:

Նախագահն այս ամենին հավելել է, որ երկրի եվրոպական ուղղությունը վրաց ժողովրդի ընտրությունն է և այն ոչ մի քաղաքական ուժ չի կարող խլել: «Վրաց ժողովուրդը դեպի Արևմուտք է ձգտել դեռեւս խորհրդային տարիներից` նախորդ իշխանության օրոք և հիմա: Այս գործընթացը կախված չէ ո՛չ ինձանից, ո՛չ Ազգային շարժումից, ո՛չ հանրապետականներից, ո՛չ Վրացական երազանքից, դա որոշում է հասարակությունը»,- կարծիք է հայտնել Մարգվելաշվիլին:

Թողնել պատասխան