Վրացական ԶԼՄ-ները` Ղարաբաղի զինադադարի մասին

Վրացական «Ռութավի 2» հեռուստաընկերությունը շարունակում է իր դիտակետում պահել  Ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում օրեր առաջ ծավալված իրադարձությունները: Հեռուստաալիքը հեռարձակում է իր թղթակիցների ռեպորտաժները`   Լեռնային Ղարաբաղից,  Հայաստանից և  Ադրբեջանից:

«Ռութավի 2» -ը  հրապարակում է նաև հակամարտության գոտում արված   լուսանկարներ, կից հրապարակում հոդվածներ:  Դրանցից մեկը վերաբերում է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին պայմանավորվածության խախտման դեպքերին.

«Կողմերը պայմանավորվածության խախտման մեջ իրար են մեղադրում: Հայաստանի պաշտպանության նախարարությունը փոխանցում է, որ կրակահերթերը շարունակվում են, այս անգամ պակաս պարբերականությամբ»:

«Ռութավի 2» -ը  ներկայացնում է նաեւ Ադրբեջանի պաշտպանության  նախարարության հայտարարությունը, ըստ որի`  հայկական կողմը ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը  մի քանի անգամ խախտել է հրադադարը, սակայն ադրբեջանական կողմը պատասխան չի տվել:

Հեռուստաալիքը  ներկայացնելով իրենց խոսքով` հնգօրյա  պատերազմի արդյունքները,  մեջբերում է պաշտոնական Ստեփանակերտի  հայտարարությունն, ըստ որի`   հայկական կողմը կորցրել է 29 զինվոր, 5 խաղաղ բնակիչ, կա 26 անհետ կորած, 101 վիրավոր: Ադրբեջանի հայտարարության համաձայն` զոհվել է 31 զինվոր, ոչնչացվել 1 ուղղաթիռ եւ 1 տանկ:

«Ռութավի 2»-ը, ինչպես նաեւ այլ լրատվականներ, մասնավորապես  «Ինտերպրեսնյուսը», հրապարակել են նաեւ թեմայի վերաբերյալ` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի`  կողմերին ուղված կոչը: Հոդվածներում մասնավորապես ասվում  է.

«Կոչ եմ անում կողմերին, հարգել կրակի դադարեցման ռեժիմը, ցուցաբերել զսպվածություն`խուսափելով իրավիճակի հերթական լարվածությունից: ՆԱՏՕ-ն այս հարցում աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին: Կողմերը պետք է  վերադառնան  բանակցությունների սեղանին եւ համանախագահների օգնությամբ ելքեր գտնեն: Հակամարտությունը  ռազմական լուծում  չունի»,-ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքերն է մեջբերում վրացական մամուլը:

«Ինտերպրեսնյուս»-ի  հոդվածագիրը, հղում անելով    ռուսական լրատվամիջոցներից մեկի կողմից  հրապարակած մի նյութի, մեջբերում է Մոսկվայում ԼՂ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանի խոսքը: Վերջինս ասել է, որ Լեռնային Ղարաբաղը պատրաստ է պաշտոնական Բաքվի հետ նստել կառուցողական  բանակցությունների սեղանին, եւ զիջումների մասին հարցը կարող է քննարկվել  միայն այն ժամանակ, երբ  Ադրբեջանը պաշտոնապես կճանաչի Ղարաբաղի անկախությունը:

«Ինտերպրեսնյուս»-ն , օգտվելով ռուսական մամուլից, մեջբերերում է ՀՀ Արտգործնախարարության  մամուլի  խոսնակ Տիգրան Բալայանի խոսքերը.  «ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները ապրիլի 9-ին կայցելեն Հայաստան»:  Նրա խոսքով` համանախագահները հանդիպումներ կունենան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հանդիպումների  գլխավոր թեման Ղարաբաղյան հակամարտությունն է:

Թեմային անդրադարձել է նաեւ վրացական «Պրեսա.ջի»  պարբերականը: Մեջբերելով ԼՂ-ի իրենց խոսքով «չճանաչված» հանրապետության ներկայացուցչի խոսքը`  գրում է, որ  հայկական կողմը պահպանում է Ադրբեջանի հետ կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, սակայն ադրբեջանական կողմը ԼՂ-ին մեղադրում է դրա խախտման մեջ:

Միեւնույն ժամանակ  « Գրուզիա օնլայն»  պարբերականը փոխանցում է, որ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին մայիսին պատրաստվում է այցելել Ադրբեջան: « Գրուզիա օնլայն» -ի փոխանցմամբ`  Վրաստանում Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, որ Վրաստանի  պատվիրակությունը կմասնակցի Վրաստան-Ադրբեջան միջկառավարական  հանձնաժողովին:

Լրատվականը մեջբերել է դեսպանի խոսքերը. «Ադրբեջանը պաշտոնական հրավեր է ուղարկել Վրաստանի կառավարության ղեկավարին: Հիմա մենք ակտիվորեն պատրաստվում ենք Վրաստանի վարչապետի այցին»:

Թողնել պատասխան