Թուրք-վրացական սահմանին էլեկտրոնային հսկողություն կսահմանվի

Թուրքիան պատրաստվում է էլեկտրոնային հսկողության համակարգեր տեղադրել Վրաստանի հետ սահմանին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն` Իրանի հետ սահմանին պատի կառուցման աշխատանքներին ծանոթանալու ժամանակ:

Թուրք նախարարը նշել է, որ Իրանի հետ սահմանին կառուցվող պատի աշխատանքների գրեթե կեսն արդեն ավարտված է: Ընդհանուր առմամբ նախատեսվում է, որ պատը կունենա 144 կմ երկարություն:

Նրա խոսքով` Իրանի հետ սահմանին պատի կառուցումը Թուրքիային կօգնի արդյունավետ պայքար տանել ահաբեկչության և ապօրինի միգրացիայի դեմ: Նախարարի հայտարարությամբ` անվտանգության նկատառումներով էլեկտրոնային սարքավորումներով կհամալրվի վրաց-թուրքական սահմանային գոտին։

Ըստ Սուլեյման Սոյլուի Թուրքիան պատրաստվում է նաև անվտանգության միջոցառումներն ուժեղացնել նաև Հայաստանի հետ սահմանին։ «Այս պահի դրությամբ այնտեղ պատ չենք կառուցում, այդ հատվածում միայն նոր էլեկտրոնային համակարգեր կտեղադրվեն»,- ասել է Սոյլուն։

Հիշեցնենք՝ անցյալ տարի Թուրքիան ավարտել է Սիրիայի հետ սահմանին բետոնե պատի կառուցումը:

Թողնել պատասխան