Բաղաթուրիա. 10 տարի անց էթնիկ հավասարակշռության խնդիր ենք ունենալու

Թբիլիսիում օրեր առաջ անցկացված՝ «Վրացական քայլերթ»  բողոքի երթի հետ կապված՝ զրուցել ենք Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, «Քարթուլի Դասի» (Վրաց դասակարգ) կուսակցության առաջնորդ Ջոնդի Բաղաթուրիայի հետ: 

Նախկին պատգամավորը  հստակեցնում  է՝ Վրաստանը ոչ թե վրացիներինն է, այլ Վրաստանի քաղաքացիներինը.  «Վրաստանում ապրում են բազմաթիվ հայեր, ադրբեջանցիներ, հույներ, քրդեր, ովքեր այս երկրի նվիրյալներն են, ովքեր ինտեգրված են և ակտիվ մասնակցում են մեր պետության զարգացման գործին: Այս ակցիան` թեև «Վրացական քայլերթ» է կոչվում, սակայն մեծ թվով հայեր, քրդեր, ադրբեջանցիների տեսա, ռուսների: Այս խնդիրը բոլորին է անհանգստացնում:  Այնպես որ անթույլատրելի է այդ կերպ առանձնացնել մեր պետությունն ու մեր հասարակությունը: Այդ կերպ կարող է բաժանել միայն երկրի թշնամին: Ես, օրինակ, լավ ընկերություն եմ անում ռուսների, քրդերի, հայերի` բոլորի հետ: Իմ կուսակցությունում շատ հայեր կան: Մարդիկ այստեղ բողոքում են անօրինական ներգաղթի դեմ, մեծամասամբ Թուրքիայից, Իրանից, Հնդկաստանից, Չինաստանից ապօրինի ներգաղթածներն ու արաբներն են: Ոչ ոք դեմ չէ չինացու, հնդկաստանցու կամ թուրքի ժամանելուն, պետք չէ երեւույթները խառնել. Սա նույն բողոքն է, որը կա Ֆրանսիայում, Գերմանիայում, Բրիտանիայում, ԱՄՆ-ում: Տարբերությունն այն է, որ մեզ մոտ այս մասին մեր կառավարությունը չի խոսում, այլ ժողովուրդն է սկսել խոսել, իսկ մենք՝ ընդդիմադիր ուժերը, եկել ենք աջակցելու այս նախաձեռնող խմբին»:

Բաղաթուրիան գիտի նաև, թե  ինչու է Աղմաշենեբելին (Դավիթ Շինարարի պողոտա) ընտրվել որպես ակցիայի վայր. «Քաղաքի այս հատվածում` գիտեք, որ  միշտ տեղ ունի թրաֆիքինգը, մարմնավաճառության օջախներ կան,  թմրանյութերի ապօրինի վաճառք ակումբներում ու ժամանցային վայրերում: Շատ են ինքնասպանության դեպքերը: Այս մասին ելույթ եմ ունեցել դեռեւս 5 տարի առաջ՝ խորհրդարանում, այն ժամանակ ես կարդացի ԱՄՆ-ի պետդեպարտամենտի զեկույցը, որտեղ ասվում էր, որ Վրաստանը դարձել է տղամարդկանց և կանանց սեռական և աշխատանքային թրաֆիքնգի միջանցք»:

«Ո՞վ է մեղավոր» հարցին քաղաքական գործիչը մեկ կարճ պատասխան ունի. «Իշխանությունը՝ նախկին և ներկա: Իշխանությունը փոխվեց, սակայն այս առումով ոչ մի փոփոխություն: Ինչո՞ւ, որովհետև պաշտոնյաներին փոխարինեցին այլ չինովնիկներ, ովքեր նույնպես կաշառք են վերցնում, բնականաբար՝ նպաստում այդ ապօրինի բիզնեսին: Վրաց ազգը կորցրել է իր պետության կառավարումը, հայ  իշխանությունները, ադրբեջանցիները, ռուսները  չեն դավաճանում իրենց պետությանը, իսկ մերոնք` ցավոք, դավաճանում են մեր երկրի շահերին, սա է խնդիրը: Իսկ պատճառն այն է, որ Վրաստանը խամաճիկային ղեկավարություն ունի, իրականում Վրաստանը ղեկավարվում է ԱՄՆ-ի դեսպանատան կողմից, և ինչ խորհրուրդ ստանում` այն էլ անում են: Բնականաբար, հրաման են ստացել թույլ տալ Վրաստան մուտք գործել օտարերկրացիներին՝ հատկապես Մերձավոր Արևելքից: Եթե այսպես շարունակվի, ապա էթնիկ հավասարակշռությունը կփոխվի: Տասը տարի հետո Մերձավոր Արևելքից ներգաղթածներն ավելի շատ կլինեն, քան Վրաստանի քաղաքացիները՝ վրացիներ, հայեր, ադրբեջանցիներ, քրդեր և այլն, միասին վերցրած: Սա է պատճառը, որ «Վրացական քայլերթին» մասնակցում են ոչ միայն վրացիներ»:

«Վրացական քայլերթը» շարունակություն կունենա: Մասնակիցները կառավարությանը վերջնաժամկետ են տվել՝ մինչև շաբաթվա վերջ, ապօրինի ներգաղթը կանխելու միջոցներ չձեռնարկելու դեպքում խոստացել են դիմել ծայրահեղ քայլերի:

Թողնել պատասխան