Ցխինվալիի իշխանությունները փակել են Վրաստանի հետ շփման գիծը

 «Новости-Грузия»-ի հաղորդմամբ Ցխինվալիի դե-ֆակտո իշխանությունները միակողմանիորեն փակել են Հարավային Օսիայի վարչական սահմանի անցակետերը: Համապատասխան որոշումն օրերս ընդունվել է Հարավային Օսիայի պետանվտնագության կոմիտեի կողմից: Ռուսական ԶԼՄ-ները հաղորդում են, որ անցակետերը փակվել են ռուս-վրացական պատերազմի ութերորդ տարելիցին ընդառաջ, «անվտանգության նկատառումներից ելնելով»: Սահմանը կրկին կբացվի Օգոստոսի 9-ին ժամը 9:00-ին:

Ռուսաստանում 2008-ի հակամարտությունն անվանում էին «խաղաղության պարտադրման գործողություն»: Հնգօրյա պատերազմի արդյուքներով Մոսկվան Հարավային Օսիան ու Աբխազիան ճանաչեց որպես անկախ հանրապետություններ: Ի պատասխան` 2008-ի սեպտեմբերի 2-ին, Վրաստանը խզեց Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները: Ներկայում, բացի Ռուսաստանից, Վենեսուելայից, Նիկարագուայից և Նաուրուից, որևէ այլ պետություն չի ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը:

Չնայած Վրաստանի համար ցավոտ հարցերի լուծման գործում առաջընթացի բացակայությանը` 2008-ի ռուս-վրացական պատերազմից ութ տարի անց Թբիլիսին հայտարարում է Մոսկվայի հետ հարաբերությունների ջերմացման մասին: 2012-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխանության եկած կառավարությունը հայտարարում է, որ՝ ի տարբերություն իր նախորդների, Մոսկվայի հետ հարաբերություններում ավելի կառուցողական քաղաքականություն է վարում:

Թողնել պատասխան