Օգոստոսի 1-ի վրաստանյան մամուլի տեսություն

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի Վրաստան կատարած պաշտոնական այցը օգոստոսի 1-ին վրացալեզու մամուլի առաջին էջերում էր:
Նալբանդյանը հանդիպել է իր վրաստանցի գործընկերոջը` Միխեիլ Ջանելիձեին, այցի մանրամասներին կարող եք ծանոթանալ Ալիք մեդիայի հոդվածում: Նալբանդյանը հանդիպել է նաև Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին: Ինչպես «Interpressnews»-ին տեղեկացրել են Վրաստանի նախագահի աշխատակազմից, Մարգվելաշվիլին իր մտահոգությունն է հայտնել Երևանում վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ և իրավիճակի արագ կարգավորման հույս հայտնել: Նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստան-Վրաստան քաղաքական և առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները: Հանդպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանի անվտանգության և կայունության վրա ազդող մարտահրավերները:
Հաջորդ, ոչ պակաս քննարկվող թեման Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի կողմից Պաշտպանության ու  Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով նոր նախարարներ նշանակելու մասին լուրն է: Կվիրիկաշվիլիի որոշմամբ՝ Վրաստանի Պաշտպանության նախարար է նշանակվել Վրաստանի Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Լևան Իզորիան, ով նաև եղել է Ներքին գործերի փոխնախարար: Հաշտեցման և քաղաքացիական հավասարության նախարարի պաշտոնը զբաղեցրել է միևնույն գերատեսչության փոխնախարար Քեթևան Ցիխելաշվիլին:
«Netgazeti.ge»-ի փոխանցմամբ՝ Ցիխելաշվիլին հայտարարել է, որ նախարարությունը կշարունակի խաղաղ և պրագմատիկ քաղաքականությունը: Իր հերթին նորանշանակ Պաշտպանության նախարար Լևան Իզորիան ասել է, որ ՊՆ-ն կշարունակի բարեփոխումներ իրականացնել Եվրատլանտյան ինտեգրման ուղղությամբ: Պաշտպանության արդեն նախկին նախարար Թինաթին Խիդաշելիի և Հաշտեցման և քաղաքացիական հավասարության Պաատա Զաքարեիշվիլիի պաշտոնազրկման հարցը առաջ է քաշվել այն բանից հետո, երբ Հանրապետական կուսակցությունը, որի կազմի մեջ են նաև վերոնշյալ անձիք, հայտարարել է, որ ընտրություններին անկախ է մասնակցելու: Վրաստանի վարչապետի հրամանով` Խիդաշելիի և Զաքարեիշվիլիի իրավասությունները պաշտոնապես դադարեցվել են  օգոստոսի 1-ին:
Նոր նախարարների նշանակմանը անդրադարձել են ընդդիմության ներկայացուցիչները: «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Իրմա Նադիրաշվիլիի խոսքերով` Լևան Իզորիայի` Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակումը ևս մեկ անգամ ցույց է տալիս Իվանիշվիլիի անլրջությունը և անհարգալից վերաբերմունքը` երկրի պաշտպանական գերատեսչության հանդեպ:
Իր հերթին «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ևս մեկ ներկայացուցիչ Սերգի Կապանաձեն, անդրադառնալով թեմային ասել է. «Երկրում շարունակվում է Բիձինա Իվանիշվիլիի ոչ ֆորմալ իշխանություը, և կոնկրետ թե ով պաշտոն կզբաղեցնի` այնքան էլ կարևոր չէ: Չեմ կարծում, որ այստեղ Վրաստանի ԱԱԾ-ի աշխատակից նշանակելը դրական փոփոխություն տա: Նույն քաղաքականությունն է նաև Հաշտեցման և քաղաքացիական հավասարության նախարարության դեպքում»,— հայտարարել է Կապանաձեն: Միևնույն պարբերականը տեղեկացնում է, որ Պաշտպանության նախարարության արդեն նախկին նախարար Թինաթին Խիդաշելին, «Մաեստրո» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ քննադատել է վարչապետ Կվիրիկաշվիլիին. «Ցավում եմ, որ ստիպված եմ ասել, սակայն երբ Գիորգի Կվիրիկաշվիլին ասում է, որ Վրաստանում խմբերի բաժանման ժամանակը չէ, դա վտանգավոր է: Սրանք վտանգավոր արտահայտություններ են, որովհետև մենք այդպիսի երկրում ապրել ենք 70 տարի: Այդ երկիրը կոչվում էր Խորհրդային միություն, որտեղ 1 կուսակցություն կար: Նման ձգտում ուներ «Քաշաքացիական միությանը», հետո «Վերածնունդ»-ը, այնուհետև «Միացյալ ազգային շարժումը», որոնց վերջը անփառունակ էր»,— հայտարարել է Խիդաշելին:
Վրաստանում շարունակվում է նախընտրական պայքարը: Այսօր Իրակլի Ալասանիայի գլխավորած Ազատ դեմոկրատներ կուսակցությունը, այլ ընդդիմադիր կուսակցությունների հետ մեկտեղ քաղաքական ֆինանսավորուման կանոնակարգերի դեմ են արտահայտվել: «Interpressnews» պարբերականը հրապարակել է խորհրդարանական և ոչ խորհրդարանական ընդդիմության կողմից տարածված համատեղ հայտարարությունը, որի տակ ստորագրել է 17 ընդդիմադիր կուսակցություն: Համատեղ հայտարարության մեջ մանրամասն նկարագրված է Գլխավոր աուդիտորի կողմից ստորագրված հրամանագրին վերաբերող նկատողությունները: Այս հրամանագրով են կարգավորվում քաղաքական գովազդի գնումների կանոնները: Նոր օրենքի համաձայն` կուսակցությունները գովազդի համար նախորոք են վճարելու, ինչը` ընդդիմադիրների մեծամասնության կարծիքով` վատթարացնում է նախընտրական մթնոլորտը:

Թողնել պատասխան