Օգոստոսի 30-ի վրաստանյան մամուլի տեսություն

Վրացական մամուլը լուսաբանում է Վրաստանի Ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլիի այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Այցի շրջանակներում Դրեզդենում քննարկվել են ոլորտում գերմանա-վարացական համագործակցության մի շարք հարցեր: «Frontnews.ge»- ի փոխանցմամբ, պաշտոնական այցով Վրաստան է ժամանել Ֆինլանդիայի հանրապետության Պաշտպանության ուժերի ղեկավար, գեներալ Յարմո Լինդբերգը: Ֆինլանդացի գործընկերոջը ընդունել է Վրաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախտանգ Կապանաձեն: Դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին, Վրաստանի ԶՈՒ-ի գլխավոր շտաբում: Ազգային գվարդիայի ռազմական նվագախումբը կատարել է Վրաստանի և Ֆինլանդիայի պետական օրհներգը: Ընդունելության պաշտոնական մասի ավարտից հետո Ֆինլանդիայի հանրապետության զինվորական առաջին դեմքը հուշագրքում գրառումներ է արել:

Լրատվականի փոխանցմամբ, ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում վրացական կողմը Ֆինլանդիայի ԶՈՒ-ի ներկայացուցիչներին շնորհակալություն է հայտնել Վրաստանի անկախության, ինքնիշխանության և Եվրաատլանտյան կառույցներում ինտեգրման գործընթացում ցուցաբերած աջակցության համար: Գեներալ Յարմո Լինդբերգը կարևորել և դրական է գնահատել վրաց զինվորականների ներգրավվածությունը միջազգային խաղաղարար առաքելություններում: Հանդիպման ժամանակ կողմերը նաև քննարկել են նաև Վրաստանում և ողջ տարածաշրջանում առկա անվտանգության միջավայրը: Ֆինլանդիայի հանրապետության Պաշտպանության ուժերի ղեկավար, գեներալ Յարմո Լինդբերգը հանդիպել է նաև Վրաստանի Պաշտպանության փոխնախարար Լելա Չիքովանիի հետ:

Հաղորդվում է, որ գեներալ Լինդբերգը այցելել է «Հերոսների» հրապարակ, ծաղկեպսակ դրել Վրաստանի միասնականության համար զոհված հերոսների հուշարձանին: Նախատեսվում է նաև Լինդբերգի այցը Պաշտպանության ինստիտուցիոն հաստատություն, որտեղ նա Ֆինլանդիայի Պաշտպանության մոդելի վերաբերյալ դասախոսություն կկարդա: Ֆինլանդիայի հանրապետության Պաշտպանության ուժերի ղեկավարի պաշտոնական այցը Վրաստան կավարտվի օգոստոսի 31-ին:

«Netgazeti.ge» պարբերականի փոխանցմամբ՝ սննդի ազգային գործակալությունը տեղեկացնում է, որ Մառնեուլիիում զանգվածային թունավորման դեպքի առիթով դադարեցվել է ռեստորանի գործունեությունը: Պարբերականը հիշեցնում է, որ Մառնեուլի շրջանի Սադախլո գյուղում հարսանիքի ժամանակ շուրջ 200 մարդ է թունավորվել: Թունավորման հետ կապված ՆԳՆ-ը հետաքննություն է սկսել՝ մարդու կյանքի կամ առողջության համար վտանգավոր արտադրանքի պատրաստման, ներմուծման կամ վաճառելու հոդվածով (հոդված 198): Սննդի ազգային գործակալությունը Սամիր Կարաջաեվին պատկանող ռեստորանում չնախատեսված ստուգումներ է անցկացրել: Ըստ գործակալության տեղեկատվության, ստուգման ժամանակ հայտնաբերվել են կոպիտ անհամապատասխանություններ, ինչի պատճառով բիզնես օպերատորին տուգանել են և դադարեցրել արտադրական գործընթացը: Հետաքննությունը շարունակվում է, հետազոտվում են տարբեր մթերքներից վերցված 13 նմուշները:

«Kvira.ge»- ն գրում է, որ «Rompetrol» ընկերությունը Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիադայի ոսկե և բրոնզե մեդալակիր վրաց մարզիկներին շնորհավորել է հաղթանակի կապակցությամբ: Այս առումով օգոստոսի 30-ին Թբիլիսիի «Մերիոթ» հյուրանոցում տեղի ունեցած մամուլի ասուլիսին են Օլիմպիական ծանրորդներ Լաշա Տալախաձեն, Իրակլի Թուրմանիձեն, Սպորտի և երիտասարդության գործերի նախարարը, ծանրորդների ազգային ֆեդերացիայի նախագահը, «Ռոմպետրոլ Վրաստանի» գլխավոր տնօրենը: «Rompetrol»-ը հավատում է, որ հաջողության հասնում են քրտնաջան աշխատանքի արդյունքում, ինչպես արեցին վրացի չեմպիոնները: «Հպարտանում ենք, որ աշխարհում ամենահզոր մարզիկը վրացի է: Սպորտը ձգտում է դեպի մշտական առաջընթաց» — հայտարարել է «Ռոմպետրոլ Վրաստանի» գլխավոր տնօրեն Կայրատ Կաբիլովը:

Թողնել պատասխան