Օմբուդսմենը հայտարարություն է արել Մամալաձեի գործի վերաբերյալ

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլիի տեղեկատվության համաձայն՝ Գիորգի Մամալաձեն չի հաստատում, որ իր մոտ  կյանքի համար վտանգավոր նյութ՝ ցիանիդ է եղել: Ըստ Նանուաշվիլիի, Մամալաձեն նաև պնդել է,  որ իրավապահների կողմից խուզարկության արդյունքում իր մոտ նման նյութ չի հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ պատրիարքարանի սեփականության կառավարման ծառայության ղեկավար հայր Գեորգի Մամալաձեն օրեր առաջ ձերբակալվել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, երբ պատրաստվում էր մեկնել Բեռլին՝ Համայն Վրաց  կաթողիկոս-պատրիարք  Իլիա երկրորդի մոտ:  Երկրի դատախազության հայտարարության համաձայն՝ Մամալաձեի մոտ հայտնաբերվել է ցիանիդ, որով նա փորձել է թունավորել պատրիարքին:

Օմբուդսմենը ասել է, որ այս գործի շուրջ բազում հարցեր կան, այդ իսկ պատճառով խիստ անհրաժեշտ է անկախ հետաքննություն անցկացնել:

«Հույս ունեմ՝ կարճ ժամկետներում բոլոր  հարցերին պատասխան կտրվի: Շատ կարևոր է, որպեսզի փաստաբանին հնարավորություն տրվի պաշտպանել մեղադրյալին: Մենք տեսնում ենք, որ մեղադրող կողմը բացահայտ ասում է ամեն ինչ, իսկ փաստաբանին նման հնարավորություն չի տրվում: Սա  լուրջ խախտում է, որը հուսով եմ՝ շուտով կշտկվի»,-նշել է մարդու իրավունքների պաշտպանը:

Թողնել պատասխան