«Արդարություն Խոջալուին» խորագրով ֆլեշմոբ Թբիլիսիում

Փետրվարի 25-ին Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցավ երթ-ֆլեշմոբ: Ակցիայի շուրջ 2 տասնյակ մասնակիցներ, ադրբեջանական ու վրացական դրոշներով եւ պաստառներով քայլեցին պողոտայի մայթերով, մի քանի րոպեով կանգ առան Վրաստանի խորհրդրանի նախկին շենքի դիմաց: «Արդարություն Խոջալուին» շապիկներով եւ պաստառով ակցիայի մասնակիցները հրաժարվեցին պատասխանել Ալիք Մեդիայի հարցերին: Երբ մեր լրագրողը փորձեց վրացերենով կամ ռուսերենով հարցեր ուղղել ակցիայի փողկապավոր` միջին տարիքի մի մասնակցի, երիտասարդներն ասացին, թե վերջինս չի հասկանում հարցը քանի որ` Բաքվից է ժամանել։16976837_1616212628408878_369646845_n

Ռուսթավելիի պողոտայում երթի մասնակիցները անցորդներին էին բաժանել վրացալեզու բուկլետներ՝ որտեղ ներկայացվում է` իրենց ներկայացմամբ Արցախյան պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմի կորուստները։ Այսպես բուկլետում նշվում են հետեւյալ ձեւակերպումներն ու թվերը. «Տուժողների քանակ` 20.000 զոհ, 50 000 վիրավոր, անհետ կորած` 4.866։ Բնակավայրերին հասցված ֆինանսական վնասի չափը գնահատվում է 60 մլրդ ԱՄՆ դոլար։

Ուշագրավ է, որ բուկլետի տարբեր էջերում տվյալները տարբերվում են միմյանցին։ Վրացալեզու տեքստում առկա են նաեւ բազմաթիվ լեզվական եւ քերականական սխալներ: Այսպես օրինակ միեւնույն պարբերությունում հեշտությամբ կարելի է նկատել Խոջալու բառը տարբեր վերջավորություններով՝ «Խոջալի», «Խոջալո», «Խոջալու»:17012809_1616212645075543_1141122807_n

Խորհրդարանի նախկին շենքի հարակից տարածքում ֆլեշմոբի մասնակիցները մնացին մոտավորապես 15 րոպե, առանց որեւէ կոչ կամ պահանջ հնչեցնելու եւ ապա լքեցին տարածքը: Ակցիայի անցկացման տարածքում ընդամենը երկու ոստիկանական մեքենա կար։

Նշենք նաև, որ փետրվարի 22-ին, Թբիլիսիի «Քորթյարդ մարիոտ» հյուրանոցում, Վրաստանում Ադրբեջանի դեսպանատունը «Խոջալուի ցեղասպանության 25-րդ տարելիցը» խորագրով միջոցառում էր կազմակերպել։ Հատկանշական է, որ թեման լուսաբանելով, Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը գրում է. «Լրացավ Խոջալուի ցեղասպանության 25-րդ տարելիցը: Ադրբեջանի դեսպանատունը «Քորթյարդ մարիոտ» հյուրանոցում ներկայացրել է լիտվացի ռեժիսյոր Ալեքսանդրաս Լոկասիի «Անսահման միջանցք» ֆիլմը: Ցուցադրումից հետո, Վրաստանում Ադրբեջանի դեսպան Դուրսուն Հասանոևը խոսքով դիմել է ներկաներին և հիշել ադրբեջանցի խաղաղ բնակչության ողբերգական վախճանի մասին»։ Առաջին ալիքը ավելացնում է. «Հիշեցնենք, որ 1992 թվականի փետրվարի 26-ին Խոջալու քաղաքի խաղաղ բնակչությունը դարձել է Հայաստանի զինված ուժերի զոհը»:

Ի դեպ, փետրվարի 25-ը Վրաստանում համարվում է Խորհրդային օկուպացիայի օրը, ուստի պետական դրոշները կիսով խոնարհված են։

Թողնել պատասխան