2017-ին Շվեդիան և Նորվեգիան Վրաստանի քաղաքացիներին ապաստան չեն տվել

Նախորդ տարի Շվեդիան ապաստան չի տրամադրել Վրաստանի ոչ մի քաղաքացու, ընդ որում դիտարկվել է 963 ապաստանի դիմում:

Վիճակագրությունը հրապարակել է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը՝ հղվելով Շվեդիայի միգրացիոն ծառայության տեղեկատվությանը: Նախորդ տարի Շվեդիայում Վրաստանի քաղաքացիներից ապաստան ստանալու 1105 դիմում է ստացվել: Այս ցուցանիշով Վրաստանն առաջ է անցել Սիրիայից, Իրաքից, Աֆղանստանից: 2016-ին դիտարկված 1192 դիմումներից հավանություն է ստացել ընդամենը 16-ը: Հենց Շվեդիան և Իսլանդիան  են Եվրամիության խորհրդի վիզայի հարցերով խմբի հանդիպման ժամանակ բարձրացրել ապաստան խնդրող Վրաստանի քաղաքացիների՝ թվի ավելացման հարցը: Ըստ հանրային հեռարձակողի տեղեկության՝ Նորվեգիան ևս Վրաստանի ոչ մի քաղաքացու նախորդ տարի ապաստան չի տրամադրել (դիմել է 37-ը):

Սրա հետ մեկտեղ՝ եվրահանձնաժողովը նշել է ԵՄ-ի հետ առանց վիզային ռեժիմի կարգի պահպանման հարցում Վրաստանի հաջողությունների մասին: Նախորդ տարվա դեկտեմբերին եվրահանձնաժողովի կողմից հրապարակված առանց վիզային ռեժիմի ընթացքի հատուկ մոնիթորինգի առաջին զեկույցում նշվում է, որ 2017-ի մարտ-նոյեմբեր ամիսների ընթացքում Վրաստանի 173 հազար 396 քաղաքացի է այցելել շենգեն գոտի: Ավելի քան 5000 վրաստանցի ԵՄ-ի տարածքում գտնվում է ապօրինի, նրանց կեսը գրանցված է Գերմանիայում և Հունաստանում:

Լուսանկարը՝ rcinet.ca-ից

Թողնել պատասխան