Վրաստանում սպասում են Ուկրաինայի նախագահին

Վրաստանի նախագահի հրավերով այսօր՝ հուլիսի 17-ին, Թբիլիսի կժամանի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Վրաստանի նախագահականից տեղեկանում ենք, որ Պորոշենկոն կժանամանի ընտանիքի, պետական պատվիրակության անդամների, ուկրաինացի գործարարների հետ: Հուլիսի 18-ին նախագահականում տեղի կունենա ընդունելության պաշտոնական արարողություն, որից հետո երկու երկրների նախագահները առանձնազրույց կունենան, ապա լրատվամիջոցների համար հայտարարություն կանեն, կպատասխանեն լրագրողների հարցերին: Մինչ ասուլիսը նաև երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողություն կլինի:

Պետական այցի շրջանակներում Պորոշենկոն ծաղկեպսակ կդնի Հերոսների հրապարակում՝ Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհվածների հիշատակի հուշակոթողին, կայցելի խորհրդային օկուպացիայի թանգարան: Ուկրաինայի ղեկավարը իր վրաց գործընկերոջ ուղեկցությամբ կմեկնի Խուլվալեթի՝ Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի հետ շփման գիծ: Այցը  ներառում է նաև Վրաստանի վարչապետի և խորհրդարանի անդամների հետ հանդիպում: Հուլիսի 19-ին Պորոշենկոն կայցելի Սվանեթի և Աջարիա: Բաթումիում կհանդիպի Աջարիայի ինքնավար հանրապետության նախագահ Զուրաբ Պատարաձեին: Մարգվելաշվիլիի հետ միասին Բաթումիում Պորոշենկոն կազդարարի ներդրումային ֆորումի բացումը, կմասնակցի աշխատանքներին:

Թողնել պատասխան