Չախալյանի նմանները 24 տարի առաջ ոչնչացրել են հազարավոր ադրբեջանցիների: Ազեր Սուլեյմանովի հայտարարությունը

«Ձեր կողմից ներում ստացած Չախալյանը հայտարարություն է արել այն ժամանակ, երբ ադրբեջանցի ժողովուրդը սգում է Խոջալուի ցեղասպանության օրը»- այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ազեր Սուլեյմանովը: Սուլեյմանովը, ով հանդիսանում է Միացյալ ազգային շարժում կուսակցության՝ «Ավելի մեծ աջակցություն ժողովրդին» խորհրդարանական բլոկի` Մարնեուլիի շրջանից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր,
Վրաստանի խորհրդարանի հերթական նիստի ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ, որի ընթացքում նշել է, որ Չախալյանի նմանները 24 տարի առաջ փետրվարի 25-ին ոչնչացրել են հազարավոր ադրբեջանցիների:

«Ձեր կողմից ներում ստացած անջատողական և պետության թշնամի Չախալյանը անջատողականության կոչեր է արել Վրաստանի թուրքացման և ադրբեջանականացման վերաբերյալ: Նա այս հայտարարությունը հատուկ անում է այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհի ադբեջանցիները սգում են ադրբեջանական ժողովրդի ցեղասպանության օրը: Հենց 24 տարի առաջ՝ 1992 թվականի փետրվարի 25-ին մեկ գիշերվա ընթացքում Չախալյանի նման անջատողականները ռուսական զորքերի հետ մեկտեղ սպանել են մի ամբողջ քաղաքի բնակիչների՝ հազարավոր ադրբեջանցիների, հիմնականում կանանց, երեխաների և ծերերի» ,- ասել է Սուլեյմանովը` ավելացնելով, թե ցավում է, որ միջազգային հանրությունը բավարար գնահատական չի տվել այս՝ իր խոսքերով «ցեղասպանությանը»:

Դիմելով «Հանրապետական կուսակցության» ներկայացուցիչ և Խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլիին` ադրբեջանցի պատգամավորը նաեւ հանդես է եկել այս պահին անազատության մեջ գտնվող իր գործընկերների պաշտպանությամբ.
«Հիմա ազգի դավաճանը գտվում է ազատության մեջ, մինչդեռ այն մարդիկ, ովքեր շենացրել են Վրաստանը, հայրենասերներ են, ինչպիսիք են՝ Բաչո Ախալայան, Գիգի Ուգուլավան և Վանո Մերաբիշվիլին, ձեր աջակցությամբ գտնվում են բանտում»:
Ադրբեջանցի ընդդիմադիրը վստահություն է հայտնել, առ այն թե շուտով գալու է այն օրը, երբ Վրաստանը կվերամիավորվի իր աբխազ և օս եղբայների հետ, միաժամանակ պնդել, թե նույնը կլինի նաեւ Ադրբեջանի պարագայում։ «Ղարաբաղը կրկին կդառնա ադրբեջանի մաս, բայց այս ամենը կլինի առանց Չախալյանի և ռուսական տանկերի: Խնդրում եմ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին և ձեզ պարոն Դավիթ, ուշադրություն դարձնել այս անջատողական հայտարարություններին և այս փաստի վերաբերյալ ճիշտ ժամանակին արձագանքել»։

Հայտարարություններին ի փատասխան` Վրաստանի Խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին նշել է, որ որպես ադրբեջանցի ժողովրդին ուղղված հարգանքի նշան` ինքը չի արձագանքի Սուլեյմանովի կողմից արված հայտարարություններին, որոնք վերջինս արել է իր և իր թիմակիցների հասցեին։

Վրացերեն լեզվով ելույթն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ`

https://www.youtube.com/watch?v=5psFTu-zrqI&feature=youtu.be

Թողնել պատասխան