Բրայզա. «Չեմ ցանկանում աշխատել կառավարությունում»

12784541_1251648158198662_96366227_nԱՄՆ պետքարտուղարի` Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, իսկ այս պահին Տալինում «Պաշտպանական հետազոտությունների միջազգային կենտրոն»-ի տնօրեն Մեթյու Բրայզան Վրաստանում է:

Թբիլիսիի «Rooms» հյուրանոցային համալիրում Բրայզան ելույթով է հանդես եկել` տարածաշրջանային զարգացումների, Ռուսաստանի աճող ազդեցության եւ էներգետիկ ոլորտի գործընթացների շուրջ։

Անդրադառնալով ԱՄՆ-ում այս տարեվերջին կայանալիք նախագահական ընտրություններին եւ դրանց արդյունքում Հարավային Կովկասում ԱՄՆ-ի վարած քաղաքականության հնարավոր փոփոխություններին, Բրայզան հայտարարեց, թե եթե նախագահ դառնան «ծաղրածուն» (նկատի ունի ԱՄՆ-ում` նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին), կամ՝«սոցիալիստը» (նկատի ունի նախագահի թեկնածու Բերնի Սանդերսին), ապա ոչինչ չի փոխվի. «Սակայն եթե լինի օրինակ Հիլարի Քլինթոնը, ում հետ չեմ թաքցնի՝ լավ հարաբերություններ ունեմ, ապա կարող է լինել նոր եւ լավ ռազմավարություն ԱՄՆ-ից»:

Ալիք մեդիայի հարցին` արդյո՞ք պատրաստվում է Մեթյու Բրայզան վերադառնալ պետական ծառայության ԱՄՆ-ում, իսկ մասնավորապես` Պետքարտուղարությունում, հաշվի առնելով նրա ունեցած անցյալին Բրայզան պատասխանեց. «Ոչ հիմա, ոչ էլ առաջիկա 4, 5 կամ 6 տարվա ընթացքում չեմ պատրաստվում աշխատել կառավարության համար։ Ես երջանիկ եմ, որ մասնավոր հատվածում եմ եւ եթե նույնիսկ հրավիրվեմ պետական ծառայության, չեմ համաձայնի»: Բրայզան չի բացառում, սակայն թե երբևէ կվերադառնա պետական ծառայության, միայն այն դեպքում, եթե ֆինանսապես անկախ լինի եւ կախված չլինի աշխատավարձից. «Չեմ ցանկանում աշխատել կառավարությունում, եթե, իհարկե, օրինակ` նախագահի պաշտոնը չառաջարկվի» ,- մեր հարցին ի պատասխան` կատակով եզրափակեց Բրայզան։

Թողնել պատասխան