IWPR-ը բարձրաձայնում է Վրաստանում աղջիկների թլպատման պրակտիկայի մասին

Վրաստանի Կախեթիի շրջանի մի շարք գյուղերում, որտեղ բնակվում են էթնիկ ավարներ (կովկասյան էթնիկական ցեղախումբ), ակտիվորեն շարունակում են աղջիկների թլպատաման փորձեր իրականացվել։ Վրաստանի իշխանությունները պնդում են, որ անտեղյակ են նման պրակտիկայի կիրառման մասին։

Վրաստանի արևելքում  իրականցվող այս երևույթի մասին Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) հետազոտությունն իրականացրել է անկախ լրագրող Աիդա Մարմակսումովան՝ արձանագրելով, որ Կղվարելիի շրջանում գտնվող Թիվա, Սարուսո և Չանտլիսկղուրե գյուղերում  հարյուրավոր աղջիկներ ստիպված են թլպատման վիրահատության ենթարկվում՝ խեղելով իրենց սեռական օրգանները։

Հիշյալ գյուղերում ավարական համայնքը փակ ու իզոլացված կյանքով է ապրում։ Նրանք պահպանում են իրենց մշակույթը, ավանդույթները, լեզուն, եկեղեցական ծեսերը, ինչպես նաև հարսանեկան ու մահվան արարողակարգի ավանդույթները։

IWPR –ի հետ զրույցում տեղի բնակիչները ասել են, որ աշխարհի շատ երկրներում արգելված վտանգավոր այս վիրահատական միջամտությունից  իրենք չեն կարողանում հրաժարվել, քանի որ այն համարվում է իրենց ավանդույթի մի մասը։

«Մենք մուսուլման ենք։ Մենք հետևում ենք մուսուլմանական սովորույթներին, պահք ենք պահում Ռամադանի ժամանակ։ Թլպատումը նույնպես մեր սովորույթն է, առանց որի մենք չենք կարող»,-ասել է Սարուսո գյուղի կանանցից մեկը։

Վրաստանի կառավարությունից  IWPR-ին հայտնել են, որ նման դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն չունեն, սակայն խոստացել են, որ հետաքննություն կսկսեն։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, Առողջապահության նախարարությունն ու հիշյալ համայնքերում գործող հասարակական կազմակերպությունները ևս  Վրաստանում աղջիկների թլպատման վիրահատության մասին չեն լսել։

Լրագրողի հետ զրույցում Վրաստանի մահմեդականների վարչության  մուֆթի Յասին Ալիևը պնդել է, որ իսլամը աղջիկներին թլպատում չի պարտադրում․ «Ղուրանում գրված չէ այդպիսի  պարտադիր միջամտության մասին»։

Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Եկատերինե Սխիլաձեի խոսքով, Վրաստանի օրենսդրության մեջ սեռական օրգանների խեղման մասին որևե գրառում չկա: Սակայն Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որը հայտնի է Ստմաբուլի կոնվենցիա անվամբ, նշում  է, որ նման սահմանում պետությունը պետք է տա: Վրաստանը ստորագրել է կոնվենցիան, սակայն այն դեռ չի  վավարացրել: «Այն շատ կարևոր է վավերացնել հատկապես այսօր, քանի որ հարցն առավել քան օրհասական է դարձել»,- հայտարարել է Սխիլաձեն:

Թողնել պատասխան