jam-news. Ջավախեթիում եկեղեցու շուրջ վեճերի պատճառով բախումներ են տեղի ունեցել տեղի բնակչության և ոստիկանների միջև

jam-news լրատվականը Գումբուրդոյի դեպքերի հետ կապված գրում է.

Ի՞նչ է տեղի ունեցել Կումուրդոյում

Վրաստանի ներքին գործերի նախարարը սեպտեմբերի 30-ին ստիպված էր անձամբ մեկնել Սամցխե Ջավախեթիի շրջանի Կումուրդո գյուղ (հայկական անվանումը՝ Գումբուրդո), որտեղ տեղի բնակչության և ոստիկնության միջև բախում է  տեղի ունեցել, որի արդյունքում վիրավորեր կան: Բնակիչներին ոստիկանությունը ձերբակալել է:

Իրավիճակն այնքան էր սրվել, որ ստիպված հատուկջոկատայինների են կանչել: Սակայն բնակիչները հրաժարվել են ցրվել և փորձել են ճեղքել շղթան, որից հետո ոստիկանները մի քանի զգուշացնող կրակոց են արձակել օդ: Ի պատասխան տեղացիները սկսել են քարեր նետել:

Բախման արդյունքում, որը տևել է մի քանի րոպե, 4 ոստիկան վնասվածք է ստացել. նրանց վրա մեծ քարեր են նետել: Վիրավորվել է նաև տեղի պատգամավորը և մի քանի գյուղացի: Սակայն նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Հրազենային վնասվածք ոչ ոք չի ստացել: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել Վրաստանի քրեական օրենսգրքի 353-րդ, 187-րդ հոդվածի առաջին կետի, 239-րդ հոդվածի երկրորդ և երրորդ կետերի համաձայն:

Այսօր գյուղում հանգիստ է, սակայն այնտեղ ոստիկաններ են շարունակում մնալ:

Վիճելի եկեղեցի

Կումուրդո գյուղը, որը հայերեն Գումբուրդո է կոչվում, գտնվում է Ախալքալաքից 18կմ հեռավորության վրա: Այն հիմնականում բնակեցված է էթնիկ հայերով: Սուրբ Հարության եկեղեցին, որը կառուցվել է տասներորդ դարում, այն տասնյակ եկեղեցիներից մեկն է, որը Վրաց ուղղափառ և Հայ առաքելական եկեղեցիների միջև վեճի առարկա է: Թե մեկը, թե մյուսն այն իր սրբավայրն են համարում:

Իրավիճակը սրվել է 2015թ-ի ամռանը, երբ գյուղ են եկել հնագետներ Թբիլիսիից պեղումներ կատարելու, ինչպես նաև հուշարձանը ռեստավրացնելու: Տեղի բնակիչներն ասում են, որ իրական պատճառն այդ եկեղեցու հայկական արմատների ոչնչացումն է եղել:

Հնագիտական աշխատանքների ընթացքում եկեղեցու տարածքում աճյուններ են գտնվել, որոնք, ըստ տեղի հայկական բնակչության հայտարարությունների, պատկանում են իրենց նախնիներին՝ հայ հոգևորականներին: Կումուրդոյի բնակիչները պահանջել են կրկին թաղել աճյունները եկեղեցու բակում, ինչն էլ արվել է: Սակայն տեղի բնակիչներին մինչև հիմա հնրավորություն չեն տալիս այնտեղ խաչքար տեղադրել:

«Վեճը պետք է լուծեն ոչ թե քաղաքական գործիչներն, այլ հոգևորականները»

Իրավիճակը հանդարտեցնելու համար Կումուրդո են ժամանել տեղական իշխանության ներկայացուցիչները: Շրջանային ժողովի նախկին պատգամավոր, ներկայիս պատգամավորության թեկնածու Աշոտ Սահարյանը (հոկտեմբերի 21-ին Վրաստանում տեղական ինքնակառավրման մարմինների ընտրություններ են — JAMnews) կոչ էր անում բնակիչներին ցրվել՝ խոստանալով, որ նրանք կարող են խաչքար տեղադրել հոկտեմբերի 4-ին: Սակայն բնակիչները նրանից երաշխիքներ են պահանջել, քանի որ, նրանց խոսքով, իրենք արդեն ոչ ոքի չեն հավատում:

Ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին մտել է եկեղեցի մի քանի գյուղացիների և տեղի պաշտոնյաների հետ: Լրագրողներին այդ հանդիպմանը թույլ չեն տվել ներկա գտնվել: Բանակցությունների ընթացքում տեղացիները պահանջել են ազատ արձակել ձերբակալված գյուղացիներին և գյուղից դուրս բերել հատուկջոկատայիններին:

Ձերբակալվածներին ազատ են արձակել նույն երեկո, հատուկջոկատայինները լքել են գյուղը, սակայն խաչքար տեղադրելու հարցը կրկին լուծված չէ:

Վրացական խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը տեղի բնակիչներին հայտարարել է, որ խաչքարի հարցը լուծելը քաղաքական գործիչների գործը չէ, և դրանով շուտով կզբաղվեն երկու կողմերի հոգևորականության ներկայացուցիչները՝ հայ և վրացի հոգևորականները:

Հոգևորականների բանակցություններին տեղի բնակիչները չեն հավատում, քանի որ դրանից առաջ բազմիցս հանդիպումներ են կազմակերպվել հայ և վրաց եկեղեցու ներկայացուցիչների միջև, սակայն դրանք արդյունք չեն տվել:

  • Գումբուրդոյում տեղի ունեցած բախման մասին գրել են ինչպես վրցական, այնպես էլ հայկական լրատվամիջոցները: Նրանցից որոշները փորձել են իրավիճակը ներկայացնել որպես միջէթնիկական բախում: Ահա երկու վերնագիր հայկական և վրացական մամուլից. «Ջավախեթիում վրացական հատուկջոկատայինները դաժանաբար ծեծել են հայերին»; «Հայերը ոստիկանների ուղղությամբ քարեր են նետել Կումուրդո գյուղում»:

Թողնել պատասխան