«LIBE»-ն կքննարկի Վրաստանի հարցը

Վրաստանի քաղաքացիների համար Եվրամիության երկրներ վիզայի ազատականացում ստանալու հարցով Եվրախորհրդարանի քաղաքացիական ազատության, արդարադատության եւ ներքին գործերի հանձնաժողովում (LIBE) այսօր քննարկում տեղի կունենա: Այս մասին տեղեկացրել է LIBE-ի հանձնաժողովի ղեկավար Կլաուդե Մոարեսը:

«Հաշվետվության հեղինակը փորձված զեկուցող Մարիա Գաբրիելան է: Քննարկման արդյունքների մասին նախապես չեմ կարող կանխատեսել, սակայն պիտի նշեմ, որ հարցի շուրջ մեր հանձնաժողովում դրական են տրամադրված: Վիզայի ազատականացում ստանալու դեպքում, պատասխանատվություն են ստանձնում երկու կողմերն էլ»,֊ ասել է Կլաուդե Մոարեսը:

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հայտարարությամբ, Վրաստանը մուտքի ազատականացման հարցում LIBE-ում գրեթե բոլոր քաղաքական կուսակցությունների աջակցությունն ունի: Ջանելիձեն հաստատել է սեպտեմբերի 5֊ին LIBE-ի հանձնաժողովի կողմից Վրաստանի հարցի քննարկման լուրը: «LIBE-ի հանձնաժողովում մեր հարցի քննարկումը տեղի է ունեցել դեռեւս հուլիսին, երբ մեր երկրում իրականացված բարեփոխումներն արժանացել են շատ բարձր գնահատականի: Գնահատվել են նաեւ Վրաստանի կողմից զեկույցը ներկայացնելուց հետո արված քայլերը: Մեզ աջակցում են գրեթե բոլոր քաղաքական ուժերը , այդ իսկ պատճառով սպասում ենք, որ այս գործընթացը կշարունակվի հաջողությամբ եւ Վրաստանի քաղաքացիները զբոսաշրջային եւ կամ բիզնեսի նպատակներով Եվրոպա ազատ այցելելու իրավունք կստանան»,֊ հայտարարել է նախարարը:

Նրա խոսքով, վերջին ժամանակահատվածում նա հանդիպումներ է ունեցել Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հետ եւ բոլոր հանդիպումների ընթացքում ցանկություն է արձանագրվել հնարավորինս սեղմ ժամկետներում Վրաստանին վիզայի ազատականացում տրամադրելու վերաբերյալ:

«Այս պահին ընթացակարգերն հարցերն են կարգավորվում եւ համոզված եմ՝ ամեն ինչ լավ կավարտվի»,֊ ասել է Ջանելիձեն:

Վրացական կողմը հուսով է, որ սեպտեմբերի 5֊ի LIBE֊ի քննարկման արդյունքում Վրաստանի հարցը դրական լուծում կստանա: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Գիգի Գիգլաձեն: Նրա խոսքով, LIBE-ի հանձնաժողովի հանդիպման ընթացքում Վրաստանի մասին որոշում պիտի կայացնեն: Սրանից հետո կշարունակվի աշխատանքը Եվրամիության խորհրդի շրջանակներում:

Թողնել պատասխան