Մատների վրա է հաշվվում Սփյուռքի նախարարության հետ հանդիպումները. Սանդրո Օհանյանը նախարարության լուծարման մեջ ողբերգություն չի տեսնում

Վրաստանի հայ համայնքի վարչության անդամ Սանդրո Օհանյանը դժվարանում է լիարժեք գնահատական տալ ՀՀ Սփյուռքի նախարարության գործունեությանը, միայն կարող է ենթադրել, թե ինչ հացեր կային, որ ստիպել են Հայաստանի իշխանություններին այս որոշմանը գնալ: Նա գտնում է, որ կառույցը լուծարելու այլընտրանք կարող էր դառնալ՝ ուսումնասիրել և լուծել այն թերությունները, որոնք առկա են եղել նախարարության գործունեության մեջ, որոնք հասցրել են արդյունավետության:

«Ճակատագրական ոչինչ ես չեմ տեսնում սրա մեջ, քանի որ այն, ինչ անում էր Սփյուռքի նախարարությունը տասնյակ տարիների ընթացքում, անում էին նաև ավանդական կուսակցությունները: Նոր Սփյուռքի համար միգուցե նախարարության լուծարումը խնդիր հանդիսանա, քանի որ այնտեղ ձևավորված չեն համայնքային կառույցները, որոնք առկա են օրինակ ավանդական Սփյուռքում: Ժամանակը ցույց կտա՝ ինչ կլինի»: 

Սանդրո Օհանյանն ասում է, որ Վրաստանի հայ համայնքը Սփյուռքի նախարարության հետ  երբեք խորը համագործակցության մեջ չի եղել, փոխկապվածության մասին խոսելն էր ավելորդ է: Սահմանափակվել են միայն մասսայական որոշ միջոցառումների մասնակցությամբ, որոշ ծրագրերի մեջ ներգրավվածության մակարդակով, այնպես որ կորուստը թերևս զուտ տեխնիկական փոքր աջակցությունն է լինելու:

«Գործունեության տարիների ընթացքում Սփյուռքի նախարարությունը չի ձևավորել որևէ ձևաչափ, որը լուծարման պարագայում կարող է խաթարվել: Մենք մտահոգ ենք նախարարության աշխատակիցների ճակատագրով, ովքեր ամանորի շեմին կորցրել են աշխատանքն ու եկամուտի աղբյուրը, մենք շատերին անձամբ ճանաչում ենք, նրանք հարգանքի են արժանի իրենց կատարած աշխատանքի համար»:

Սանդրո Օհանյանն ասում է՝ ցավում է, բայց այս տարիների ընթացքում նախարարության ղեկավարների հանդիպումները հայ համայնքի ներկայացուցիչների հետ կարելի է մեկ ձեռքի մատների վրա հաշվել: Նորանշանակ նախարարի հետ հանդիպում ընդհանրապես չի եղել: Թբիլիսի այցի շրջանակներում Մխիթար Հայրապետյանը չի այցելել Վրաստանի հայ համայնք: Այսպես կարելի է բնութագրել նրանց հարաբերությունները: Օհանյանը վստահում է Հայաստանի իշխանությունների քայլին, ասում է՝ նրանք հասկանում են ինչ են անում, սակայն միաժամանակ վստահ է, որ ունենալով մեծ Սփյուռք՝ ավանդական կազմակերպություններից բացի պետք է նաև պետությունն ունենա իր դիրքորոշումը՝ լինի դա կուսակցություն-պետություն ձևաչափում, թե պետություն-կոնկրետ համայնք։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության կառուցվածքի վերաձևավորման արդյունքում ՀՀ նախարարությունների թիվը 17-ից կհասնի 12-ի։ Որոշ նախարարություններ կմիավորվեն, իսկ Սփյուռքի նախարարությունը լուծարվելու է: Որպես առանձին գերատեսչություններ կշարունակեն գործունեությունը միայն  ֆինանսների, արդարադատության, առողջապահության ու բնապահպանության նախարարությունները։