Թբիլիսիում ներկայացվել է Վանում նկարահանված «The Others» ֆիլմը

Մայիսի 13-ին  «CinéDOC-Tbilisi 2017» միջազգային կինոփառատոնի շրջանակներում Թբիլիսիիում ներկայացվել է գերմանաբնակ քրդական արմատներով թուրք ռեժիսոր` Այշե Փոլատի Վանում  նկարահանած «Ուրիշները» (The Others) ֆիլմը: 

1Ֆիլմի գլխավոր հերոսը Ալին է։ Նա չի թաքցնում իր հայկական արմատները․ հիշում է Փիրուզա տատին։ Ալին շրջում է Վանում՝ փորձելով նորանոր մանրամասներ վեր հանել ավելի քան մեկ դար առաջ հայերի հետ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին: Նա այցելում է արդեն գրեթե փլուզված կամ որպես ախոռատուն օգտագործվող հայկական եկեղեցիներ:

Ալիքը զրուցել է ֆիլմի դիտումից հետո քննարկուները վարող լրագրող, վավերագրական ֆիլմի հեղինակ Յանա Իսրաելյանի հետ, ով նշեց․

«Գիտեմ, թե ինչ է նշանակում հայկական թեման Թուրքիայում․ սա մի բարդ, փակ, տաբու թեմա է»:

Նա նկատեց, որ ողբերգությունից 100 տարի անց ևս Թուրքիայում զգուշանում են թեմայի շուրջ խոսելիս․ «Ֆիլմի հերոսներից մեկը նույնիսկ վախենում է արտաբերել հայ բառը՝ փոխարենն ասելով «ուրիշները»։ Սա ինձ շատ է հուզել, քանի որ այս ֆիլմը իմ մասին է նաև: Իմ նախնիները նույնպես Թուրքիայից են»:

Իսրաելյանը գտնում է, որ ռեժիսորը մեծ աշխատանք է իրականացրել՝ կարողանալով 100 տարի անց Վանի այսօրվա բնակիչներից  լսել իրական պատմությունը։

«Իմ կարծիքով սա անհնար առաջադրանք էր․100 տարվա ընթացքում որևէ մեկը երբևէ նման ֆիլմ չի նկարահանել: Ոչ ոք չի կարողացել ցույց տալ, թե ինչպես է ապրում Վանը»:

«Ուրիշները» ֆիլմում Վանի քուրդ բնակիչներից մեկն անկեղծանում է, որ այն ամենն ինչ այսօր կա Վանում, հայերինն է․ 

«Կարծում եմ ֆիլմի ռեժիսորը ցանկացել է ցույց տալ, թե ինչպես է ժամանակի ընթացքում հայերի նկատմամբ վերաբերմունքը փոխվում: Ես երբեք չէի կարողանա պատկերացնել, որ թուրքը կարող է ասել, որ այն ամենը ինչ նրանք հիմա ունեն, հայերի սեփականությունն է եղել»:

Այշե Փոլատի Ֆիլմն արդեն 2 մրցանակի է արժանացել։ Լայպցիգ-2016 կինոփառատոնին ստացել է  «Prize of united services»,  ստամբուլյան կինոփառատոնում՝ «Special mention» մրցանակները:

«CinéDOC-Tbilisi 2017» վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնի «Focus Caucasus» ծրագրի ներկայացուցիչ Էկա Քարսաուլիձեի խոսքով․ «Սա հետաքրքիր ֆիլմ է։Մենք միշտ փորձում ենք ընտրել  հետաքրքիր պատմությունների հետ կապված ֆիլմեր: Հայ-թուրքական թեման շրջանցել չէինք կարող, առավել ևս,  երբ Վրաստանում բավականին մեծաքանակ հայ համայնք կա։ Կարծում եմ  այս հանգամանքը ևս նկատի ունենալով, ծրագրում պետք է ընդգրկվեր նաև այս ֆիլմը»:

Նրա խոսքով՝ ֆիլմի առաջին ցուցադրումը մեծ հետաքրքրքրություն է առաջացրել նաև վրաց հասարակության շրջանում:

Թողնել պատասխան