Վարակման 117 դեպք Վրաստանում. հիվանդներից մեկը տեղափոխվել է ՀՀ-ից

Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերն ավելացել են երկուսով: Երկրում ապրիլի 1-ի դրությամբ գրանցվել է վարակման 117 դեպք, որից 23-ն ապաքինվել են:

Նոր վարակվածներից մեկը եկել է Վրաստան Հայաստանից: Ըստ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական գծով տնօրեն Մարինա Էզուգբայայի, նրա առողջական վիճակն այս պահի դրությամբ ծանր չէ:

«Հետազոտություններ են անցկացվում, վաղը ավելի պարզ կդառնա հիվանդի առողջական վիճակը»,- ասել է Էզուգբայան:

Երկրորդ հիվանդը Բաթումիից է, 10 տարեկան է, ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել ծնողների հետ, որոնց մոտ կորոնավիրուս չի հաստատվել:

Ապրիլի 1-ի ժամը 20:00-ի դրությամբ Վրաստանի մասշտաբով կարանտինում է 5783 մարդ, հատուկ ուշադրության ներքո՝ 301 մարդ: