Ամռան ամենաուրախ՝ Վարդավառի տոնը Ջավախքում. լուսանկարներ

Այսօր Ջավախքի բոլոր գյուղերում լսվում էր երեխաների ծիծաղի ձայներ: Վաղ առավոտից երեխաները դուրս էին եկել փողոցներ՝ նշելու ամառային ամենասիրելի ու «զով տոնը»:

Աղբյուրներն ու ջրհորները, որոնք մի քանի տարի առաջ բնակիչների համար ջրի միակ պաշարն էին, այսօր մանուկներին ու երեխաներին իրար մի լավ զովացնելու հնարավորություն տվեցին։

Հայոց ավանդական տոնակարգում Վարդավառն ամառային ամենամեծ տոնն է, որը, ըստ Հայ եկեղեցու տոնացույցի, տոնվում է Զատիկից 14 շաբաթ հետո՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում և քրիստոնեական ընկալմամբ մեկնաբանվում է որպես Քրիստոսի պայծառակերպություն՝ որպես մաքրագործված-աստվածացած մարդու խորհրդանիշ: Միաժամանակ տոնի արմատները գնում են մինչև հեթանոսական ժամանակներ:

Հնում Վարդավառի տոնը կապվում էր հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ: Վարդավառին մեծ տոնակատարություններ էին կատարվում, Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում: Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում: Տոնի ժամանակ միմյանց ջրում են բոլորը՝ հաշվի չառնելով ո՛չ տարիքը, ո՛չ սեռը, ո՛չ հասարակական դիրքը: