«Դավիթ Գարեջին Վրաստան է». նոր զարգացումներ

Նախօրեից վրաց հոգևորականներն ահազանգում են՝ Դավիթ Գարեջիում ադրբեջանական կողմը վրացական մենաստաններում փոփոխություններ է անում՝ մաքրում է վրացական հետքը, տեղադրում ադրբեջանական ենթակառուցվածքներ:

Այս մասին ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում էր կատարել Վիտալի Ղվինիաշվիլին՝ հայր Վիտալին: Վերջինս կից ներկայացրել է նաև լուսանկարներ՝ հավելելով, թե «Գարեջին Վրաստան է»:

«Ալիք մեդիայի» հետ զրույցում հայր Վիտալին նշեց, որ վաղը Դավիթ Գարեջիի պաշտպանության խումբը ծրագրում է հավաք անցկացնել, ինչից հետո պարզ կդառնան հետագա քայլերը:

Այսօր՝ փետրվարի 20-ին, ծրագրվում է հոգևորականների այցը վանական համալիր, ինչից հետո նրանք կհայտարարեն հետագա քայլերի մասին: Գրառումներից մեկում հայր Վիտալին ասում է՝ մի քանի օրվա ընթացքում կկազմակերպենք ժողովրդական քայլերթ դեպի Գարեջի, որտեղ կմիավորվեն բոլորը:

Սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվության համաձայն ադրբեջանական կողմը  Դավիթ Գարեջիից հետո փորձում է զավթել հարակից Ուդաբնո գյուղը, որտեղ հովիվները արածեցնում են ոչխարներին:

Նշենք, որ հարցի հետ կապված պաշտոնական հայտարարություն դեռևս չկա: