Ֆիզիկական բախումներ, ծեծկռտուք. Ցուցարարները վրաններ են դրել՝ գիշերելու են խորհրդարանի մոտ

Թբիլիսիում՝ Վրաստանի խորհրդարանի տարածքում, ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախում է տեղի ունեցել: Ցուցարարները փորձել են վրաններ տեղադրել տարածքում, ինչին Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները խոչընդոտել են: Ցուցարարները հայտարարել են, որ պատրաստվում  են գիշերել խորհրդարանի շենքի մոտ:

Րոպեներ առաջ նրանց հաջողվել է վրաններ տեղադրել խորհրդարանի շենքի մոտ: Ռուսթավելիի պողոտան փակ է:

Ըստ ՆԳՆ-ի՝ բերման ենթարկվածներ չկան:

Հիշեցնենք՝ Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում ակցիայի են ընդդիմադիր կուսակցությունների  երիտասարդական թևերը, ինչպես նաև գրեթե բոլոր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները` բացառությամբ «Հայրենասերների դաշինքի» ու «Քաղաքացիների»:

Ցուցարարները սպառնում են ամեն օր դուրս գալ հավաքի, քանի դեռ իշխանությունը նոր ընտրություններ չի նշանակել:

Ընդդիմությունը դեռևս երեկ հայտարարել էր, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները: