Հայաստանը ճանապարհ կբացի Եվրոպայից Վրաստան վերադարձող քաղաքացիների համար

Վրացական կողմի խնդրանքով՝ Հայաստանը երեք օրով կբացի ցամաքային սահմանը Եվրոպայից վերադարձող Վրաստանի քաղաքացիների համար: Հայտնում է newsgeorgia.ge-ն՝ հղում անելով Վրաստանի արտաքին գործերի նախարարության վրա:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, ավելի վաղ «Ալիք մեդիան» տեղեկացրել էր եվրոպական մի քանի երկրից վերադարձող քաղաքացիների մասին, ովքեր օդային ճանապարհով հասել էին Երևան, որտեղից էլ Հայաստանում Վրաստանի դեսպանության օգնությամբ վերադարձել էին Վրաստան՝ տեղափոխվելով կարանտինային գոտի:

Մայիսի 1-ին, 8-ին և 15-ին Վրաստանի քաղաքացիները եվրոպական տարբեր երկրներից Երևան կժամանեն «Բելավիա» ավիաընկերության չվերթներով: Վրաստանի արտգործնախարարությունը կապահովի Երևանից ավտոբուսներով Վրաստան հասնելը:

Նշենք նաև, որ վերադարձած քաղաքացիները, արդեն սահմանվածի պես, պետք է մնան 14-օրյա կարանտինային ռեժիմում: