Հայաստանն ավելի ժողովրդավարական է, քան Վրաստանը. The Economist

The Economist Group-ի հետազոտական և վերլուծական բաժինը (The Economist Intelligence Unit) հրապարակել է 2019 թվականի ժողովրդավարության ինդեքսը, ըստ որի՝ Վրաստանը 165 երկրների շարքում զբաղեցրել է 89-րդ հորիզոնականը: Վրաստանը նախորդ տարվա նույն հետազոտության տվյալների համեմատ հետընթաց է գրանցել, միավորը նվազել է 0,08-ով:

Հատկանշական է, որ նախորդ տարի ևս Վրաստանը զբաղեցրել է 89-րդ հորիզոնականը: Վարկանշային ցուցակում Վրաստանին առաջին անգամ գերազանցել է հարևան Հայաստանը, որը զբաղեցրել է 86-րդ հորիզոնականը: Հայաստանի վերելքը The Economist-ը բացատրում է որպես այլ երկրների ժողովրդավարության ցուցանիշի անկման արդյունք:

Ժողովրդավարության ինդեքսի տվյալներով արևելյան Եվրոպայի երկրների միջև Վրաստանը 19-րդ հորիզոնականն է զբաղեցնում և շարունակում է մնալ հիբրիդային ռեժիմի կատեգորիայում:

Վրաստանի հարևանների շարքում ամենաբացասական վարկանիշն արձանագրել է Ադրբեջանը, որը զբաղեցրել է 146-րդ հորիզոնականը: 134-րդ հորիզոնականում է Ռուսաստանը, 110-ում՝ Թուրքիան: