Հայաստանում բռնկված հրդեհը Վրաստան չի հասել․ համայնքի ղեկավար

Երեկ Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի սահման տանող տարածքում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան։ Այս մասին «Ալիք մեդիային» հայտնեց մարզի Սարչապետ համայնքի ղեկավար Բորիս Բարոյանը։

«Այնտեղ հիմնականում խոտածածկ տարածքներ են, մարդիկ էլ չեն եղել, հրդեհը անտառին չի հասել, բնակավայրերից էլ շատ հեռու է։ Անգամ վրացական սահմանին չէր հասնի», — ասում է Բարոյանը։

Պրիվոլնոյեին սահմանակից Վրաստանի Աղքյորփի գյուղում հրդեհը այս անգամ տեսանելի չի եղել։ Աղքյորփիից «Ալիք մեդիային» հայտնում են, որ սովորաբար այդ տարածքում հաճախակի բռնկվող հրդեհները տեսանելի են գյուղից, սակայն այս անգամ հրդեհի մասին չեն իմացել։

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին, ժամը 18:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի սահման տանող տարածքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը տարածվել է դեպի անտառա­ծածկ տարածք:

Այրվել է մոտ 200 հա խոտածածկույթ, որից մոտ 35 հա անտառածածկ տարածքում:

Դեպքի մասին տեղեկացվել է Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթափոխի պետը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:30-ին: