Հունիսի 20-ի ակցիան ցրելու համար 800 փամփուշտ է կիրառվել. Գախարիա

Վրաստանի նախկին ներքին գործերի նախարար և վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, հունիսի 20-ին ակցիան ցրելու ընթացքում մոտավորապես 800 ռետինե փամփուշտ է կիրառվել:

«Ցավոք սրտի, օգտագործվեց ճիշտ այն քանակությամբ փամփուշտ, որքան ստիպված էինք օգտագործել, եթե չեմ սխալվում մոտավորապես 800 փամփուշտ»,- «Եվրոպական Վրաստան» խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Գախարիան:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում հունիսի 20-ին ընթանում էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որը նախագահում էր ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը։ Ռուսական պատվիրակության ղեկավարը նստել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին՝ հարուցելով քաղաքացիների զայրույթը։ Սկսված բողոքի ակցիաների ֆոնին խորհրդարանի նախագահի պաշտոնից հրաժարական է տվել Իրակլի Կոբախիձեն։

Նույն օրը՝ հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը, երբ ցուցարարները փորձում էին գրոհել խորհրդարանի շենքը, հատուկջոկատայինները ցույցը ցրելու համար կիրառեցին ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ, ջրցան մեքենա: «Գավրիլովի գիշեր» անվանումը ստացած զարգացումների պատճառով այդ օրը վիրավորվել է 240 մարդ, 2 հոգի կորցրել է աչքը, բերման ենթարկվել՝ մոտ 300-ը, ինչի պատճառով առ այսօր վրաց հասարակության մի մասը պահանջում է նախկին ՆԳ նախարար և արդեն վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիայի հրաժարականը:

Հունիսի 20-ին օգտագործված ռետինե փամփուշտները