Միքայել Նազարյանի հեղինակած սև խինկալին վրացական «Մաստերշեֆում». Տեսանյութ

Վրացական «Մաստերշեֆ» խոհարարական մրցույթ-շոուի երկրորդ եթերաշրջանի մեկնարկը լայն տարածում ունեցավ սոցցանցերում, հատկապես՝ 20-ամյա Միքայել Նազարյանի պատրաստած ծովամթերքով սև խինկալին: Խոհարարական գոգնոցը ստացել է, տեղափոխվել երկրորդ փուլ: Դրական մեկնաբանությունների հետ մեկտեղ՝ օգտատերերի ուշադրության կենտրոնում էր հայտնվել Նազարյանի կերպարը. երիտասարդը խոհարարական տաղանդի հետ մեկտեղ ցուցադրել է նաև ձայնային տվյալները:

მიშა ნაზარიანი

მიშა ნაზარიანი მღერის ოპერას, ხატავს და შავ ხინკალს აკეთებს!

Posted by მასტერშეფი • MasterChef Georgia on Sunday, October 27, 2019

«Մինչև չերգես խինկալին չենք համտեսի»,- տեսանյութում ասում է ժյուրիի անդամներից մեկը, ինչից հետո Նազարյանն օպերային ստեղծագործություն է կատարում:

Ժյուրին բարձր է գնահատել սև խինկալին՝ նշելով, որ Նազարյանը պահպանելով խինկալիի հմայքը, կերպարանափոխել է այն:

«Ծովամթերքով սև խինկալին պատրաստել եմ իմ հեղինակային բաղադրատոմսով: Փոխել եմ իտալական ռավիոլիի խմորը, ստեղծել եմ գրեթե նորը, միջուկը, ի տարբերություն վրացական խինկալիի, ծովամթերքից էր՝ ծովախեցգետիններից, ինչպես նաև ֆրանսիական սոուս էի պատրաստել սերուցքով ու ծովախեցգետնով: Կարծում եմ՝ խոհանոցում նորարարությունն ամենակարևոր հատվածն է»:

Միքայել Նազարյանն ասում է՝ խոհարարական տաղանդը փոխանցվել է տատիկից, երաժշտականը՝ մայրիկից: Փորձելու է հետագայում համատեղել երկու մասնագիտությունները. հիմա սովորում է կոնսերվատորիայի երաժշտական ուսումնարանում, խոհարարական ակադեմիան արդեն ավարտել է, նույնիսկ հասցրել է աշխատել Թբիլիսիի առաջատար ռեստորաններում:

Նազարյանը խոհանոցի հանդեպ սեր ունի մանկությունից՝ Թբիլիսիի ամենակոլորիտային թաղամասերից մեկում՝ Սվանեթիում խորոզ էր պատրաստում, բաժանում հասակակիցներին: Ասում է՝ ողջ հարևանությունն այդ քաղցրավենիքներին էր սպասում:

«Հիմնական ուղղությունս դեսերտներն են: Տարբեր տեսակի քաղցրավենիքներ պատրաստել շատ եմ սիրում: Իմ պատրաստած ուտեստներով ցույց եմ տալիս էությունս, կերպարս՝ առանց ուրիշներին կրկնօրինակելու»:

Միքայել Նազարյանը նաև իր անձնական խոհարարական էջն է վարում սոցիալական ցանցերից մեկում, քաղցրավենիքներ է պատրաստում տարբեր միջոցառումների համար, ինչպես նաև կազմակերպում է միջոցառումներ: Հետագայում երազում է նաև ռեստորան հիմնել, որի հիմնական ուղղությունը կլինի հայ-վրացական ուտեսների նորարարական կերպով մատուցումը: