«Ռուսաստանի մշակույթի կենտրոն-նոր օկուպացիոն բազա Թբիլիսիում». քննարկում Թբիլիսիում

Դեկտեմբերի 9-ին Թբիլիսիի «Rooms» հյուրանոցում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում «Ռուսաստանի մշակույթի կենտրոն-նոր օկուպացիոն բազա Թբիլիսիում» խորագրով:

Հանդիպմանը մասնակցում էին ընդդիմադիր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև ուսանողներ և այլ հետաքրքրվող անձինք:

Հանդիպման կազմակերպիչների խոսքով, Թբիլիսիում ռուսական մշակույթի կենտրոնի բացումը մեծ վտանգ կսպառնա Վրաստանի անվտանգությանը: Նրանց կարծիքով դա կլինի ոչ թե մշակույթի, այլ լրտեսների կենտրոն:

«Նոր Վրաստան» քաղաքական հարթակի առաջնորդ Գիորգի Վաշաձեի խոսքով, ռուսական մշակույթի կենտրոնի բացումը Վրաստանի համար մեծ վտանգ է ներկայացնում, քանի որ այն Ռուսաստանի հիբրիդային պատերազմի մաս է կազմում:

«Սա կնպաստի մարդկանց վրա ազդեցություն գործելուն և Ռուսաստանին անհրաժեշտ տեղեկատվության տարածմանը, որով կկարողանան հավաքել կողմնակիցների: Ելնելով այս ամենից, մենք չպետք է թույլ տանք, որ դա տեղի ունենա, քանի որ ներկա պայմաններում սա նույնն է, ինչ Վրաստանում բացվի ռուսական ռազմաբազա»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում հայտնեց Վաշաձեն՝ հավելելով, որ Թբիլիսիում նման մշակույթի կենտրոն բացվելու դեպքում իրենք կգործեն առավել ռադիկալ, ինչը Սերգեյ Գավրիլովի հետ կապված սկանդալից էլ ավելի վատ հետևանքներ կունենա:

Հիշեցնենք՝ գրեթե 5 ամիս տևած դադարից հետո Պրահայում նոյեմբերի 28-ին հանդիպեցին Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձե և ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Գրիգորի Կարասինը:

Հենց այս հանդիպումից հետո, Կարասինը հայտարարել էր, որ դեկտեմբերի կեսերին Թբիլիսիում կբացվի ռուսական մշակույթի կենտրոն, որը կծառայի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը: