Սաակաշվիլիի առևանգման փաստով Ուկրաինայում գործ է հարուցվել

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլի դիմումի հիման վրա գործ է հարուցել: Տեղեկատվությունը տարածել են ուկրաինական լրատվամիջոցները:

«Գլխավոր դատախազությունը ընդունելով Միխեիլ Սաակաշվիլիի դիմումը, գործ է հարուցել՝ 2018-ի փետրվարին Ուկրաինայում նրա առևանգման, նրա նկատմամբ բռնություն իրականացնելու և անօրինական կերպով Լեհաստան տեղափոխման վերաբերյալ»,- նշված է դատախազության հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ 2017-ի հուլիսին Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն Միխեիլ Սաակաշվիլիին զրկել էր Ուկրաինայի քաղաքացիությունից: Պետության ղեկավարն իր որոշումը բացատրել էր նրանով, որ Սաակաշվիլին քաղաքացիություն ստանալիս կեղծ տեղեկատվություն էր ներկայացրել, մասնավորապես չէր նշել Վրաստանում իր դեմ հարուցված քրեական գործերի մասին: