Սաակաշվիլիին պատժից ազատելը նախագահը երկրի համար սպառնալիք է համարում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով, հաշվի առնելով Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությունները, պատժից ազատելու դեպքում երրորդ նախագահը կարող է դառնալ երկրի հեղինակության, հետևաբար՝ Վրաստանի եվրոպական հնարավորությունների հակառակորդը։

Ըստ Զուրաբիշվիլիի՝ Վրաստանի հեղինակությունը արատավորվել է, վստահությունը սասանվել. երկրի տեղը նոր աշխարհաքաղաքական պայմաններում անհասկանալի է դարձել, ինչն էլ, նախագահի խոսքով, ինքնին կարող էր վտանգավոր լինել:

Զուրաբիշվիլին նշել է, որ Վրաստանի հեղինակության արատավորում իշխող կուսակցության և ընդդիմության համատեղ ջանքերի արդյունքն է։

«Մի կողմից՝ կառավարության հռետորաբանությունը, համառ որոշումները և անհասկանալի մեղմությունը Ռուսաստանի նկատմամբ, ինչը հակադրվում է ուկրաինացիների կոշտ և հաճախ վիրավորական քննադատությանը։

Մյուս կողմից, Միխել Սաակաշվիլիի ընտանիքի որոշ ներկայացուցիչների կողմից երկրի հեղինակությունը վնասող հաղորդագրությունները, որոնք վերածվել են լավ ծրագրված և իրականացվող քարոզարշավի»,- ասել է Զուրաբիշվիլին:

Զուրաբիշվիլին նաև նշել է, որ Վրաստանը այս վիճակի մեջ գցելու պատասխանատվությունը հավասարապես կիսում են նրանք, ովքեր համոզել են Սաակաշվիլիին վերադառնալ, և նրանք, ովքեր նրան երկիր են թողել:

Թբիլիսիի քաղաքային դատարանը օրերս մերժեց Սաակաշվիլինն ազատելու կամ պատիժը հետաձգելու փաստաբանների միջնորդությունը:

Սաակիշվիլին ձերբակալված է 2021 թվականի հոկտեմբերից՝ Կիևից զարտուղի ճանապարհով Վրաստան հասնելուց ժամեր անց։